Այս պահին Փաշինյանի հետ արտահերթ ընտրությունների վերաբերյալ համաձայնություն չունենք, երբ ԲՀԿ-ի դիրքորոշումը պարզ լինի, նորից կլինեն բանակցություններ. Էդմոն Մարուքյան (տեսնյութ)
Ըստ էության, վարչապետը Գլխավոր շտաբի պետի խնդիրը չի կապում արտահերթ ընտրությունների պրոցեսի հետ, իսկ մենք կապում ենք, որովհետև տեսնում ենք, որ երկրում եղած ճգնաժամին գումարվել է նաև Գլխավոր շտաբի խնդիրը. Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Այս պահին չունենք որևէ համաձայնություն, որևէ հարցի վերաբերյալ, որքանով, որ հասկանում եմ, կլինի հանդիպում մեր գործընկեր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ, որովհետև միայն մեր դիրքորոշումով չի կարող պրոցեսներն առաջ գնալ և խորհրդարանը ցրվել, հետևաբար երբ ԲՀԿ-ի դիրքորոշումը պարզ լինի, կարծում եմ նորից կլինեն բանակցություններ: Այս պահին որևէ հարցով համաձայնություն չունենք, բայց այն, որ մենք պետք է խոսենք ու ճանապարհներ գտնենք, այդ հարցում ունենք հասկացություններ»,- ընդգծեց նա:
Էդմոն Մարուքյանը նշեց, որ ինքը շատ մտահոգված է ԶԻնված ուժերի գլխավոր շտաբի ղեկավարության և Կառավարության միջև եղած պրոցեսների վերաբերյալ, իր համոզմամբ՝որևէ ձևով զինված ուժերը չպետք է քաղաքականացնել. «Եկեք արձանագրենք, որ կա կամք՝ շարունակել այս բանակցությունները, վարչապետն էլ ունի, ԲՀԿ-ի կամքը կտեսնենք, կլինի՝ թե ոչ, որից հետո կշարունակենք խոսել, որովհետև եթե ես հրաժարվում եմ վարչապետի թափուր պաշտոնը լինելու պարագայում առաջադրվելուց, իսկ մյուս ուժը չի հրաժարվում, այդ քննարկումն անիմաստ է դառնում»:
Հարցին, թե պատրա՞ստ եք ձեր նախապայմաններից հրաժարվել բանակցությունների երկրորդ փուլում, Մարուքյանն ասաց. «Ես չգիտեմ երկրորդ փուլում ինչ կունենանք, հույս ունեմ, բոլորը կունենան իմաստություն թե իշխանությունում, թե Զինված ուժերում, թե փողոցում քայլող մարդիկ, որ ինչ-որ արհավիրք լինի, նոր գանք խոսենք: Հույս ունեմ, ինչ-որ ձևով, ինչ-որ ճանապարհ գտնելու ենք, և իմ ներկայացրած խնդիրների վերաբերյալ վարչապետը կմտածի մինչև մյուս հանդիպում»:










