«Էկոլոգիական ահաբեկչություն». Իսրայելն Իրանին մեղադրել է իր ափերը նավթով աղտոտելու համար

11:02 • 04.03.21

Իսրայելն Իրանին մեղադրել է իր ափերը նավթով աղտոտելու համար՝ այն որակելով «էկոլոգիական ահաբեկչություն», գրում է Reuters-ը։

Իսրայելի շրջակա միջավայրի պահպանության նախարար Գիլա Համլիելը հայտարարել է, որ արտահոսքը տեղի է ունեցել նավթով բեռնված և ապօրինաբար Սիրիա ուղևորվող իրանական նավից։

Համլիելի խոսքով՝ Իսրայելի միջերկրածովյան ափին մոտենալիս նավն անջատել է ռադիոհսկողության սարքերը և ծովում նավթ է բաց թողել։

«Իրանն ահաբեկչություն է իրականացնում՝ վնաս հասցնելով շրջակա միջավայրին, և երբ Իրանը վնաս է հասցնում շրջակա միջավայրին, վնաս է հասցնում ոչ միայն Իսրայելին»,- հավելել է նա։

Օրերս Իսրայելի ափերի մոտ մոլեգնող փոթորկից հետո մոտ 160 կիլոմետր երկարության վրա ափերը աղտոտվել էին մազութ հիշեցնող նավթամթերքով: 

Ավելի վաղ իսրայելական ԶԼՄ-ները հայտնել էին, որ մի քանի կամավորներ, որոնք մասնակցել են նավթամթերքներից ափերի մաքրման աշխատանքներին, թունավորման նախանշաններով հոսպիտալացվել են։