Հռոմի պապը հայտարարել է, որ Իրաք առաջին առաքելական ուղևորությունը կատարելու է «որպես խաղաղության և հույսի ուխտավոր»
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ Իրաք առաջին առաքելական ուղևորությունը կատարելու է «որպես խաղաղության և հույսի ուխտավոր», փոխանցում է ria.ru-ն։
«Ես կգամ ձեզ մոտ՝ որպես խաղաղության ուխտավոր, որպեսզի կրկնեմ. «Դուք բոլորդ իմ եղբայրներն եք»։ Այո, ես գնում եմ որպես խաղաղության ուխտավոր, գնում եմ եղբայրություն փնտրելու համար՝ ոգեշնչված միասին աղոթելու և միասին քայլելու ցանկությամբ, այդ թվում՝ այլ կրոնական ավանդույթների եղբայրների և քույրերի հետ»,- ասել է Հռոմի պապը իրաքցիներին ուղղված տեսաուղերձում, որը Սուրբ Աթոռը հրապարակել է նրա այցի նախօրեին:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը նաև նշել է, որ Իրաք է գնում «որպեսզի աղոթի Տիրոջը՝ երկար տարիների պատերազմից և ահաբեկչությունից հետո ներում և հաշտեցում շնորհելու համար»։
Ֆրանցիսկոս պապը նաև ընդգծել է, որ երկար է սպասել այդ ճանապարհորդությանը և իրաքցի ժողովրդի հետ հանդիպմանը:
Դեկտեմբերի սկզբին Սուրբ Աթոռը հայտարարել էր, որ մարտի 5-8-ը Ֆրանցիսկոս պապն առաքելական ուղևորություն կկատարի Իրաք:










