Ռուսական «Սպուտնիկ V»-ն հեռակա կարգով վեճի պատճառ է դարձել Սլովակիայի վարչապետի և նախագահի միջև
Սլովակիայի վարչապետ Իգոր Մատովիչը քննադատել է երկրի նախագահ Զուզանա Չապուտովային՝ կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» ռուսական պատվաստանյութի մատակարարմանը հավանություն չտալու պատճառով:
Այս մասին վարչապետը գրել է իր ֆեյսբուքյան էջում, հայտնում է Lenta.ru–ն:
«Ամեն օր հարյուրավոր մարդիկ են մահանում, և ոմանք համարում են, որ Սլովակիայի ամենամեծ խնդիրն այն է, որ մենք մեզ թույլ ենք տվել Սլովակիայի բնակչության համար երկու միլիոն չափաբաժին արդյունավետ պատվաստանյութ մատակարարել Ռուսաստանից: Իսկապե՞ս: Արդյոք մենք այնքան ցած ենք իջել, որ մարդկանց առողջության և կյանքի մասին բոլորովին չմտածենք: Մենք իսկապե՞ս ուզում ենք, որ մարդիկ իրենց համար վստահելի դեղամիջոցով չպատվաստվեն», - գրել է վարչապետը:
Փաստացի վարչապետը հեռակա կարգով հակադարձել է Սլովակիայի նախագահին, որը նախկինում քննադատել էր երկրում ռուսական պատվաստանյութի օգտագործումը: Նա նշել էր, որ պատվաստանյութը դեռևս չի անցել ԵՄ-ում արտոնագրման անհրաժեշտ ընթացակարգերը, և առաջարկել խնդրել եվրոպական բժշկական կարգավորող մարմնում գրանցել պատվաստանյութը։
Ավելի վաղ Մատովիչը կատակով ասել էր, որ իբր ինքը ռուսական կողմին խոստացել է պատվաստանյութերի մատակարարման դիմաց Անդրկարպատյան Ուկրաինան տալ՝ հետո պարզաբանել, որ ինքը ոչինչ չի խոստացել ռուսներին, և նրանից ոչինչ չեն պահանջել: Այս հայտարարությունից հետո Ուկրաինայի արտգործնախարարությունը Բրատիսլավայից պաշտոնական ներողություն է պահանջել, իսկ արտգործնախարար Դմիտրի Կուլեբան առաջարկել է Մատովիչին պատվաստանյութը Սլովակիայի մի քանի շրջանների հետ փոխանակել:
Լրատվականը հիշեցրել է, որ Սլովակիան մարտի 1-ին ստացել է ռուսական արտադրության «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը: Ակնկալվում է, որ առաջին մեկ միլիոն չափաբաժինները կտրամադրվեն մարտ և ապրիլ ամիսներին: Երկու շաբաթվա ընթացքում երկրում կսկսվեն պատվաստումները:










