Սոթքի ոսկու հանքավայրի մոտ 300 աշխատակցի կրճատման հարց է առաջացել, նրանցից մոտ 100-ն արդեն կրճատվել է․ նրանք ծայրահեղ միջոցների են ուզում դիմել․ Թագուհի Թովմասյան (տեսանյութ)
Սոթքի ոսկու հանքավայրի աշխատակիցները հայտնի պատճառներով պատերազմից հետո հարկադիր պարապուրդի մեջ էին գտնվում, որովհետև հանքն ամբողջ ծավալով չի աշխատում: Այս մասին այսօր Ազգային ժողովում իր ելույթում ասաց ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
Նա նկատեց, որ հանքավայրի շահագործումը դադարեցվել է մի մասով, որովհետև հանքվայրի մեծ մասը մնացել է ադրբեջանական վերահսկողության տակ:
«Եվ հիմա մոտ 300 աշխատակիցների կրճատմամբ հարց է առաջ եկել, մոտ 100-ը կրճատվել են, մնացածն էլ ընթացքի մեջ են: Սա նշանակում է, որ Վարդենիսի և հարակից շրջանների մոտ 300 ընտանիք մնալու է առանց աշխատանքի, իսկ սոցիալական այս ծանր պայմաններում սահմանամերձ շրջանում սա իսկապես լուրջ խնդր է, և նրանք ծայրահեղ միջոցների են ցանկանում դիմել»,- ասաց նա։
Պատգամավորը նշեց, որ իր հետ կապվել են բազմաթիվ անձինք՝ Վարդենիսից և հարակից շրջաններից, որոնք մտադրություն ունեն իրենց բողոքը արտահայտել՝ փակելով երկաթգիծը, որտեղով տեղափոխվում է Սոթքի ոսկու հանքավայրի հանքանյութը՝ դեպի Արարատ, նաև այլ ծայրահեղ միջոցների են ուզում դիմել:
Պատգամավորը հույս հայտնեց, որ իր հայտարարությունը կօգնի, որ Կառավարությունը որևէ քայլ ձեռնարկի՝ մեղմելու այդ դժգոհությունը, առաջարկելու որևէ տարբերակ: «Սա հրատապ հարց է և օր առաջ պետք է կարողանանք մարդկանց այլընտրանք առաջարկել, որքան էլ երկրում սոցիալական ծանր վիճակ է»,-ասաց նա:










