Դիպուկահարները ինչո՞վ են խանգարում ցուցարարներին, նրանք իրենց գործն են անում, ցուցարարներն էլ՝ իրենց խաղաղ բողոքի ակցիան. Արման Եղոյան (տեսանյութ)
Որքան էլ այդ աղմուկն արհեստական լիներ, այո, մարդիկ կարող էին ունենալ որոշակի մտահոգություններ, բայց ես այս անգամվա աղմուկի իմաստը չեմ հասկանում: Ցուցարարներին դիպուկահարներն ինչո՞վ են խանգարում, իրենք իրենց գործն են անում, ցուցարարներն էլ՝ իրենց խաղաղ բողոքի ակցիան: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը՝ անդրադառնալով երեկ ԱԺ շենքում եղած դիպուկահարներին:
Նա նշեց՝ Պետական պահպանության ծառայությունն է որոշում՝ ինչպես իրականացնել պաշտպանությունը: «Կա Պետական պահպանության ծառայություն, մարդիկ ունեն իրենց կանոնները՝ որտեղ կանգնել, ինչ անել, ինչ զենք կրել: Այդ հարցը տվեք Պետական պահպանության ծառայության պատասխանատուներին: Նրանք վարչապետին են ենթարկվում ոչ թե առօրեական խնդիրներ լուծելու մակարդակով, այլ ընդհանուր կադրային հարցով, այլ հարցերով»,-ասաց նա՝ անդրադառնալով նաև դիտարկմանը, թե ՊՊԾ-ն ենթարկվում է վարչապետին:
«Նիկոլ Փաշինյանը և որևէ երկրի ղեկավար չի որոշում, թե իր պաշտպանությունն ինչպես է իրականացվում, քանի հոգի է իրեն ուղեկցում, որ երթուղով է գնում: Վարչապետն ուրիշ բանուգործ չունի, պետք է դիպուկահարի տեղակայման հարցո՞վ զբաղվի»,-նշեց նա:
Դիտարկմանը, թե ՄԻՊ-ն անընդունելի է համարել ուժի ցուցադրությունը, պատգամավորը նշեց, թե համոզված է՝ Պետական պահպանության ծառայությունը տեսել է ՄԻՊ-ի մտահոգությունը, և եթե դա համադրելի է ՊՊԾ մտադրությանը, ապա հաշվի կառնվի ՄԻՊ-ի դիտարկումը:
«Միգուցե կարելի էր ավելի քողարկված անել, բայց չեմ կարծում՝ ասել են, կանգնիր այնտեղ, որ մարդիկ տեսնեն, վախենան: Ենթադրում եմ՝ ուղղակի դիտարկման համար են եղել, որ վտանգի օջախները դիտարկեն, եթե ագրեսիվ շարժ լինի, նկատեն, և շենքի ու բարձրաստիճան պաշտոնյաների պաշտպանության իրենց գործառույթն իրականացնեն»,-ասաց պատգամավորը:
Հարցին՝ ուժի ցուցադրությունը մտահոգիչ չէ՞, իշխանական պատգամավորն արձագանքեց. «Ձեր գնահատականն է, թե դա ուժի ցուցադրություն է, ուժի ցուցադրությունը ո՞րն է այդտեղ: Հիմա ԱԺ-ի դիմաց ցույցեր են, դռները ժամանակավորապես փակված են»,- նշեց նա:
Դիտարկմանը, թե 2018-ին նման մեթոդներ չեն կիրառվել, պատգամավորն արձագանքեց՝ ուրեմն՝ այն ժամանակ ռիսկերն այլ կերպ են գնահատվել:
Մանրամասները՝ տեսանյութում:










