Ցավում եմ, որ ընտրությունը կատարվում է քաղաքական որոշմամբ. Վճռաբեկի դատավորի թեկնածու Արսեն Մկրտչյան (տեսանյութ)
Ազգային ժողովը քաղաքական մարմին է և որոշման մեջ բնականաբար եղավ քաղաքական գործոն, եղել են իրադարձություններ և դրանք հետք են թողել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Արսեն Մկրտչյանը:
«Ես ցավում եմ, որ նման քննարկում տեղի է ունենում Ազգային ժողովում, մեր թեկնածությունների բովանդակության շրջանակում և գիտակցում եմ՝ տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք ունեցել են հետևանքներ և ունեն քաղաքական հետևանքներ: Ազգային ժողովը քաղաքական մարմին է և այո, քաղաքական գործոնը անդրադարձավ այս որոշման վրա»,- ասաց նա:
Արսեն Մկրտչյանը նշեց՝ Ազգային ժողովը իրականացնում է կադրային որոշում և շատ հանգիստ կարող է այլ կերպ ձայները բաշխել: Նա նաև անդրադարձ կատարեց Ռուբեն Վարդազարյանի հայտարարությանը:
«Ես չեմ գնահատի Ռուբեն Վարդազարյանի հայտարարությունը, որովհետև այդ հայտարարությունը շատ խիստ քննադատվեց այս մի քանի օրերի ընթացքում: Ելակետային մոտեցումը այն էր՝ քաղաքական հենակետ ունի այդ հայտարարությունը, թե ոչ»,- ասաց Արսեն Մկրտչյանը:
Վճռաբեկի դատավորի թեկնածուն նաև հերքեց շրջանառվող լուրերը, թե ինքը և Նիկոլ Փաշինյանը հանդիպում են ունեցել և նշեց՝ հայտարարությունը, որը տարածվել է մամուլում, չունի որևէ հենման կետ:










