Իշխանությունը բոլոր ինստիտուտների նկատմամբ անհարգալից վերաբերմունք ունի, ԱԺ-ում Վճռաբեկի դատավորի ընտրությունն էր, իրենք ԲԴԽ դատավորին նախկին հայտարարությունների մասին հարցեր էին տալիս․ Ա. Զոհրաբյան
Մինչև մարտի 9-ը ՀՀ նախագահը կարող է ՍԴ դիմել: Իմ կարծիքով՝ մինչև մարտի 9-ը ԶՈՒ ԳՇ պետը դեռ համարվելու է Օնիկ Գասպարյանը: Ըստ Սահմանադրության 155 հոդվածի՝ ստացվում է, որ նույնիսկ նախագահն ու վարչապետը միասին չեն կարող Օնիկ Գասպարյանին հեռացնել, որովհետև չի լրացել 5 տարվա ժամկետը, այս տեսակետը ևս իրավունք ունի գործելու: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:
Անդրադառնալով տեղի ունեցող իրադարձությունների սկզբին, երբ ԳՇ-ի կողմից արված հայտարարությունը Նիկոլ Փաշինյանը որակեց որպես ռազմական հեղաշրջման փորձ, Արա Զոհրաբյանն ընդգծեց, որ ռազմական հեղաշրջման փորձ չկա, և Նիկոլ Փաշինյանն իր հանրահավաքի ժամանակ էլ նշեց, որ դեռ կարմիր գծերը չեն խախտվել՝ փորձելով մեղմացնել ավելի վաղ արած հայտարարության պատասխանատվությունը:
«Դա ուղղակի հայտարարություն էր, պատկերացրեք, թե ինչ վիճակի էր հասել ԶՈՒ-ն, որ նման հայտարարության էր արել, բայց դա ծայրահեղ կարևոր էր: ԶՈՒ-ի հրամանատարները համարվում են նաև հետաքննության մարմին, այսինքն՝ Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված հիմքերով նրանք կարող են քրեադատավարական միջոցառումներ իրականացնել, այդ թվում նաև բերման ենթարկեն, ձերբակալեն, քրեական գործ հարուցեն՝ կապված զինվորական հանցագործությունների հետ»,-նշեց նա:
Խոսելով վերջին շրջանում քննարկվող այն հարցի մասին, թե դատավորների մեծ մասը կոռումպացված է, Արա Զոհրաբյանը նշեց, որ այս իշխանությունը 3 տարի ուներ պարզելու, թե ովքեր են կոռումպացված, իսկ ովքեր ոչ և ուներ բոլոր լծակները դրանք պարզելու համար:
«Նրանք բոլոր ինստիտուտների նկատմամբ ունեն անհարգալից վերաբերմունք, ԱԺ օրակարգում Վճռաբեկի դատավորի ընտրությունն էր, իսկ «Իմ քայլը» ԲԴԽ դատավորին նախկինում արված հայտարարությունների մասին հարցեր էր տալիս: Դատական համակարգն ակնհայտ դիմադրություն է ցույց տալիս իշխանության այս պահվածքին, թիրախավորմանը»,-ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում։










