«Կգնահատվի պատվաստանյութի համապատասխանությունը մեր ստանդարտներին` արդյունավետության, անվտանգության և որակի տեսանկյունից». ԵՄ-ն սկսել է «Սպուտնիկ V»-ի հետազոտությունը

15:16 • 04.03.21

Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը սկսել է ռուսական «Սպուտնիկ V» հակակորոնավիրուսային պատվաստանյութի գրանցման դոսյեի հետևողական ուսումնասիրությունը, հայտնում է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ 

Նշվում է՝ որոշումը կայացվել է հաշվի առնելով մեծահասակների մոտ դեղամիջոցի լաբորատոր և կլինիկական ուսումնասիրությունների արդյունքները:

«Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը կգնահատի ռուսական պատվաստանյութի համապատասխանությունը ԵՄ ստանդարտներին` արդյունավետության, անվտանգության և որակի տեսանկյունից»,- մանրամասնել են հիմնադրամից:

Հիշեցնենք՝ ներկայում ԵՄ շուկայում թույլատրվում են Pfizer/BioNTech (գնվել է շուրջ 600 միլիոն դեղաչափ), Moderna (գնվել է 160 միլիոն դեղաչափ) և AstraZeneca (գնվել է մոտ 400 միլիոն դեղաչափ) ընկերությունների կողմից արտադրված պատվաստանյութերը: Բացի այդ, Եվրոպական հանձանաժողովը ԵՄ-ին պատվաստանյութեր մատակարարելու առնչությամբ պայմանագրեր է կնքել Johnson & Johnson, Sanofi-GSK, CureVac ընկերությունների հետ:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Ռուսաստանի առողջապահության նախարարությունն օգոստոսին գրանցել էր կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը, որը մշակվել Է Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրԷաբանության ազգային հետազոտական կենտրոնում (ՀՄԱՀԿ)՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի հետ համատեղ: Այն ստեղծվել Է մարդու ադենովիրուսային վեկտորների բազայի վրա և ստացել Է «Սպուտնիկ V» անվանումը: Այն լուծույթ Է՝ միջմկանային ներարկման համար: