Փաստացի, Ադրբեջանի հետ համաձայնեցվում է այս կամ այն օտարերկրացու այցելությունն Արցախ. Աննա Կարապետյան (տեսանյութ)
Օտարերկրացիների այցերն Արցախ այժմ բավական բարդացած են, և, փաստացի, Ադրբեջանի հետ է քննարկվում նրանց Արցախ այցելել-չայցելելու հարցը: Այս մասին «Առավոտյան լուրեր Լիլիթ Թումանյանի հետ» հաղորդման «Հայացք. Երկրագունդ» խորագրի ներքո ասել է «Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանը:
«Օտարերկրացիների այցերն Արցախ այժմ բավական բարդացած են, նրանք պարտավոր են նախապես դիմել Արցախի ներկայացուցչություն Հայաստանում, տվյալները փոխանցվում են ռուս խաղաղապահներին և հետագայում նրանց թույլ են տալիս, կամ թույլ չեն տալիս այցելել Արցախ: Սակայն խնդիրը ոչ այնքան և ոչ միայն խաղաղապահներին տվյալների փոխանցումն է, որքան տպավորությունը, որը նաև հաստատվեց, որ այդ տեղեկատվությունը քննարկվում է նաև ադրբեջանական կողմի հետ»,- ասել է նա:
Կարապետյանն ընդգծում է. «Ստացվում է, որ Ադրբեջանի հետ համաձայնեցվում է այս կամ այն օտարերկրացու այցելությունն Արցախ»:
Հարցը ՌԴ փոխարտգործնախարարի հետ քննարկել է նաև Սփյուռքի գործերի հանձնակատար Զարեհ Սինանյանը:
Սինանյանի կողմից ՌԴ-ի հետ այս հարցի քննարկումը, ըստ փորձագետի, և՛ ինստիտուցիոնալ, և՛ անձնային խնդիրներ ունի:
«Ինստիտուցիոնալ առումով՝ արդյո՞ք Սփյուռքի գործերի հանձնակատարն է այն պաշտոնյան, որը պետք է բանակցի Արցախ օտարերկրացիների մուտքի-ելքի խնդիրները: Հասցեատերը պետք է լինի ԱԳՆ-ն՝ հարցը վերաբերում է բոլոր օտարերկրացիներին: Եթե բանակցում է Սփյուռքի հանձնակատարը, նշանակում է, որ կամ ԱԳՆ-ն չի ցանկանում և չի կարողանում զբաղվել այս հարցով, կամ որ արդեն իսկ փորձել է՝ չի ստացվել, մենք համակերպվել ենք, որ օտարերկրացիների հարցը լուծել չի ստացվում և այժմ հանձնակատարը փորձում է գոնե Սփյուռքի հայության համար ինչ-որ արտոնություններ ստանալ»,- ասել է Աննա Կարապետյանը:
Նա հավելում է, որ եթե կա այդպիսի գործընթաց և իրավիճակ, հասարակությունը պետք է իրազեկված լիներ այդ մասին:
«Ինչ վերաբերում է անձնային հարթությանը՝ արդյո՞ք նախկին Գլենդելի պաշտոնյան է լավագույն անձը, ով պետք է հայկական կողմին ներկայացնի Ռուսաստանի հետ բանակցություններում»,- ասել է Կարապետյանը:
Զարեհ Սինանյանը հայտարարեց, որ արդեն իսկ անձանց և կառույցների ցուցակները, որոնց թույլ չի տրվել մուտք գործել Արցախ: Քաղաքագետը նշում է, որ, փաստացի, դա լեգիտիմացվում է, ընդունվում է որպես հիմք, իսկ Ադրբեջանը քայլ-քայլ փորձում է մարսեցնել, որ Արցախն Ադրբեջան է և Արցախի հետ կապված բոլոր հարցերը պետք է իր հետ համաձայնեցվեն:
«Ստացվում է, որ հերթական անգամ կան ինչ-որ պայմանավորվածություններ, կա գործընթաց, որի մասին մենք տեղեկացված չենք, որի մասին փորձում ենք ադրբեջանական, ռուսական մամուլից ինչ-որ տեղեկատվություն քաղել: Մեզ փաստի առաջ են կանգնեցնում, որ կան արդեն անձինք և կառույցներ, որոնց արգելվել է մուտքն Արցախ, և փաստացի արգելողն Ադրբեջանն է»,- ասել է «Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրենը:
Մանրամասները տեսանյութում:










