Հասել ենք մի հանգրվանի, որտեղ ոլորտային բարեփոխումները, զարգացումը, կյանքի բնականոն ընթացքը մեկ հրամայական ունեն՝ իշխանության անհապաղ հեռացում․ Տիգրան Աբրահամյան

23:19 • 06.03.21

«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ ընդգծելով, որ Զինված ուժերում ակտիվ անցուդարձ է։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․
 
«Զինված ուժերի գլխավոր շտաբի լրահոսն եմ աչքի անցկացնում։

Ռազմական նոր իրողությունների պայմաններում զորակոչ, մարտական հերթապահության նախապատրաստում և հերթափոխ, ուսումնական գործընթաց։ Մի խոսքով, ակտիվ անցուդարձ։

Հետպատերազմական փուլում, յուրաքանչյուր ուղղությամբ երկար վերլուծելու հարցեր կան՝ վերևում թվարկածս թեմաները միայն հերիք են առանձին ուսումնասիրությունների առարկա դարձնելու, քննարկելու, բանավիճելու և փոփոխություններ առաջարկելու համար։

Սակայն երկրի վիճակը, օրակարգ փոխելու առաջնահերթությունը մեզ անընդհատ ստիպում է այդ փոփոխությունները դիտարկել մեկ հարցի կոնտեքստում՝ վարչապետի և նրա քաղաքական թիմի հեռացման։

Հասել ենք մի հանգրվանի, որտեղ ոլորտային բարեփոխումները, զարգացումը, կյանքի բնականոն ընթացքը մեկ հրամայական ունեն՝ իշխանության անհապաղ հեռացում և համապատասխան իրավական ընթացակարգեր»։