Իրանն ու ՄԱԳԱՏԷ-ն նոր պայմանավորվածություններ ձեռք չեն բերել

19:37 • 06.03.21

Իրանի ղեկավարությունն ու Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) ոչ մի նոր պայմանավորվածություն ձեռք չեն բերել փետրվարի վերջին կազմակերպության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի՝ Թեհրան կատարած այցից հետո: «ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին շաբաթ հայտնել է Վիեննայի միջազգային կազմակերպություններում Իրանի մշտական ներկայացուցիչ Քազեմ Ղարիբ Աբադին:

«Պետք է ընդգծեմ, որ որևէ նոր պայմանավորվածություն ՄԱԳԱՏԷ-ի հետ վերջին այցելությունից հետո չկա»,- ասել է իրանցի պաշտոնյան: Նրա խոսքով՝ «եվրոպացիները ցանկանում են օգտագործել Իրանում ՄԱԳԱՏԷ-ի ստուգումների հարցը որպես իրենց հեղինակության փրկության միջոց և բանաձևերի ընդունումից հրաժարվելու արդարացում:

Գրոսսին Թեհրանում բանակցություններ է վարել  փետրվարի 22-ին, որոնց ընթացքում կողմերը պայմանավորվել են ևս երեք ամսով շարունակել Իրանի միջուկային կառույցներում սահմանափակ գործունեությունը: