Հայտնի է աշխարհում ամենատարածված հակակորոնավիրուսային պատվաստանյութերի եռյակը

11:44 • 06.03.21

Ռուսական «Սպուտնիկ V»-ն հակակորոնավիրուսային պատվաստանյութերի շարքում երկրորդ տեղում է տարբեր երկրների կարգավորիչների կողմից հաստատումների քանակով, իրենց պաշտոնական թվիթերյան էջում հայտնում են պատվաստանյութի հեղինակները, գրում է ՏԱՍՍ-ը։ 

Առաջին տեղը զբաղեցնում է բրիտանական AstraZeneca ընկերության արտադրած պատվաստանյութը, իսկ երրորդը՝ ամերիկյան Pfizer-ը։ 

Նշենք՝ The Lancet հեղինակավոր բժշկական ամսագիրը փետրվարի սկզբին հրապարակել էր «Սպուտնիկ V» պատվաստանյութի կլինիկական փորձարկման երրորդ փուլի արդյունքները՝ հաստատելով դրա բարձր արդյունավետությունն ու անվտանգությունը:

Դեղամիջոցի արդյունավետությունը կազմում է 91,6%, իսկ 60 տարեկանից բարձր տարիքի անձանց շրջանում ՝ 91,8%:

«Սպուտնիկ V»-ով պատվաստումից հետո կորոնավիրուսի դեմ հակամարմինները հայտնաբերվել են կամավորների 98%-ի մոտ:

Ըստ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի՝ «Սպուտնիկ V»-ն արդեն գրանցված է 45 երկրներում, որոնց բնակչությունն ընդհանուր առմամբ գերազանցում է 1,1 միլիարդը։