«Ես ունեի միայն այն, ինչ մնացել էր մորիցս». արքայազն Հարին խոստովանել է, որ թագավորական ընտանիքը զրկել է իրեն ֆինանսական աջակցությունից
Սասեքսի դուքս Հարին տեղեկացրել է, որ թագավորական ընտանիքը զրկել է իրեն թիկնազորից և ֆինանսական աջակցությունից, երբ ինքն ու իր կինը հայտարարել են բրիտանական թագավորական ընտանիքի ավագ անդամների կարգավիճակից հրաժարվելու մասին:
Ինչպես փոխանցում է «Կոմերսանտ»-ը, նրա խոսքով՝ հենց դա եղել Netflix և Spotify հարթակների հետ պայմանագիր կնքելու պատճառներից մեկը: Հարիի խոսքով՝ աջակցությունը դադարեցվել է 2020 թվականի առաջին եռամսյակում:
Ինչպես արքայազն Հարին խոստովանում է, սկզբնական շրջանում նա հույսը դրել էր մորից՝ արքայադուստր Դիանայից ստացած ժառանգության վրա: «Ես ունեի միայն այն, ինչ մնացել էր մորիցս: Եվ առանց դրա մենք չէինք կարողանա նախաձեռնել դա (կարգավիճակից հրաժարվելը՝ խմբ.)», - ասել է վերջինս հաղորդավարուհի Օփրա Ուինֆրիին տված հարցազրույցում:
Հիշեցնենք, որ առաջին ընդարձակ հարցազրույցում, որի ժամանակ ամուսինները ներկայացրել են թագավորական ընտանիքում ապրած ժամանակահատվածի ծանր պահերը, Մեգան Մարքլը խոստովանել էր, որ պատրաստ է եղել ինքնասպան լինել հղիության ընթացքում:
2021 թվականի փետրվարին Բուքինգհեմյան պալատը հաստատել է Սասեքսի դուքսի և դքսուհու վերջնական հրաժարականը թագավորական ընտանիքի անդամի պաշտոնական պարտականությունները կատարելուց: Այժմ զույգն սպասում է երկրորդ երեխայի ծնունդին: Մարքլը հարցազրույցի ժամանակ հայտնել է, որ աղջկա է սպասում:










