7 օր. Թաիլանդը կկրճատի կարանտինի ժամկետը հակակորոնավիրուսային պատվաստում ստացած զբոսաշրջիկների համար

15:50 • 08.03.21

Թաիլանդի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ երկիրը կկրճատի COVID-19-ի դեմ պատվաստված օտարերկրյա քաղաքացիների պարտադիր կարանտինը 14-ից այն դարձնելով 7 օր, իսկ չպատվաստվածների համար`14-ից 10 օր, գրում է travelpulse.com-ը: 

Նշվում է՝ այսօր Թաիլանդում տեղի է ունեցել վարակիչ հիվանդությունների տարածման դեմ պայքարի կառավարական հանձնաժողովի նիստը, որը վարել է առողջապահության նախարար Անութխին Չանվիրակուն:

«Հաշվի առնելով այն փաստը, որ աշխարհում արդեն պատվաստվել է ավելի քան 250 հազար մարդ, և պատվաստման գործընթացը շարունակվում է, մենք ճիշտ ենք համարել մի շարք կատեգորիաների քաղաքացիների համար Թաիլանդ ժամանելուն պես կարանտինի ժամանակը կրճատել:

Օտարերկրյա քաղաքացիների համար, որոնք ունեն պատվաստման վկայագիր, կարանտինի ժամկետը 14-ի փոխարեն 7 օր կսահմանվի: Իսկ այն օտարերկրացիները, որոնք չեն պատվաստվել ստիպված կլինեն 14-ի փոխարեն 10 գտնվել կարանտինային ռեժիմում»,- ասված է գերատեսչության հայտարարության մեջ:

Նոր կանոններն ուժի մեջ կմտնեն 2021 թվականի ապրիլից: