Էստոնիան կորոնավիրուսի «բրիտանական» շտամի արագ տարածման պատճառով մեկամսյա արգելափակումներ կսահմանի
Էստոնիայում, կորոնավիրուսի տարածման հետևանքով, մարտի 11-ից առնվազն մեկ ամսով ուժի մեջ կմտնեն կարանտինային խիստ միջոցառումներ: Դա պայմանավորված է երկրում կորոնավիրուսի «բրիտանական» շտամի արագ տարածման հետ, հայտնում է Kommersant.ru-ն՝ հղում տալով երկրի կառավարության տարածած հայտարարությանը։
«Վերջին տվյալները ցույց են տալիս, որ կորոնավիրուսի «բրիտանական» շտամով վարակման դեպքերն Էստոնիայում ավելի տարածված են, քան կանխատեսվում էր: Մեր բժշկական համակարգը ճգնաժամի մեջ է », - ասել է վարչապետ Կայա Կալլասը: Ըստ նրա, Էստոնիայում իրավիճակը լուրջ է, և այն կրիտիկական է հատկապես Տալլինում և երկրի հյուսիսային շրջաններում: Վարչապետը կարծում է, որ այս ճգնաժամից երկիրը հանելու միակ լուծումը սահմանափակումներն են։
Երկրում ուսուցումը կդառնա առցանց, խանութները, հասարակական սննդի հաստատությունները կփակվեն, հանրային միջոցառումները կարգելվեն: Փողոցներում կներդրվի «2 + 2» կանոնը՝ այսինքն միասին կարող են քայլել առավելագույնը 2 անձ (բացառությամբ ընտանիքների) և նրանք պետք է այլ մարդկանցից երկու մետր հեռավորության վրա լինեն: Սպորտով կարելի է զբաղվել միայնակ, առանց մարզչի կամ մեկ այլ անձի ներկայության:
Էստոնիայում, մարտի 1-ից 7-ը գրանցվել է կորոնավիրուսով վարակվածների առավելագույն թիվը՝ մեկ շաբաթվա ընթացքում ավելի քան 9,4 հազար դեպք: Ընդհանուր վարակվածների թիվը հասել է 76,2 հազարի, որից մոտ 700–ը` մահվան ելքով:










