Հնդկաստանում 7 մարդ է զոհվել գրասենյակի շենքում բռնկված հրդեհի հետևանքով (լուսանկարներ)
Հնդկաստանի Արևմտյան Բենգալիա նահանգի մայրաքաղաք Կալկաթայում գրասենյակային շենքի 13-րդ հարկում խոշոր հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 7 մարդ: Այս մասին տեղեկացնում է NDTV հեռուստաալիքը` հղում տալով նահանգային իշխանություններին:
Նշվում է, որ հրդեհի ժամանակ պայթյուն է տեղի ունեցել, զոհվածների թվում են 4 հրշեջ, 1 ոստիկան, շենքում գտնվող երկաթուղային կազմակերպության աշխատակից և անվտանգության աշխատակից:
Միևնույն ժամանակ պարզաբանվել է, որ 7 զոհից 5-ի մարմինները հայտնաբերվել են վերելակում` 12-րդ հարկում:
«7 մարդ է զոհվել: Ոստիկանության կոմիսարը ասում է, որ ևս 2 անհայտ կորած կա: Ողբերգությունը տեղի է ունեցել այն բանի պատճառով, որ հրդեհի ժամանակ օգտագործվել է վերելակը»,-ասել է Արևմտյան Բենգալիայի գլխավոր նախարար Մամատա Բաներջին:
Իշխանությունները պարզում են հրդեհի պատճառները: Միևնույն ժամանակ, նախարարը կատարվածի համար մեղադրել է Արևելյան և Հարավարևելյան երկաթուղիների ղեկավարություններին, որոնք զբաղեցնում են գրասենյակային կենտրոնը:
















