Ինդոնեզիան հաստատել է AstraZeneca պատվաստանյութն արտակարգ օգտագործման համար

09:52 • 09.03.21

Ինդոնեզիան հաստատել է հակակորոնոավիրուսային AstraZeneca պատվաստանյութն արտակարգ օգտագործման համար:

Այս մասին այսօր մամուլի ասուլիսում հայտարարել է երկրի սննդի և դեղերի գործակալության ղեկավար Պենի Կ. Լուկիտոն, գրում է Reuters-ը:

Նշվում է՝ պատվաստանյութի ավելի քան մեկ միլիոն դեղաչափ երկիր է մատակարարվել երկուշաբթի ուշ երեկոյան COVAX ծրագրի շրջանակներում: Բացի այդ, մինչ այժմ Չինաստանի Sinovac Biotech ընկերության արտադրած պատվաստանյութի շուրջ 38 միլիոն դեղաչափ է մատակարարվել Հարավարևելյան Ասիայում գտնվող այս երկիր: 

Հիշեցնենք՝ ներկայում ԵՄ շուկայում թույլատրվում են Pfizer/BioNTech (գնվել է շուրջ 600 միլիոն դեղաչափ), Moderna (գնվել է 160 միլիոն դեղաչափ) և AstraZeneca (գնվել է մոտ 400 միլիոն դեղաչափ) ընկերությունների կողմից արտադրված պատվաստանյութերը: Բացի այդ, Եվրոպական հանձանաժողովը ԵՄ-ին պատվաստանյութեր մատակարարելու առնչությամբ պայմանագրեր է կնքել Johnson & Johnson, Sanofi-GSK, CureVac ընկերությունների հետ:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Ռուսաստանի առողջապահության նախարարությունն օգոստոսին գրանցել էր կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը, որը մշակվել Է Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրԷաբանության ազգային հետազոտական կենտրոնում (ՀՄԱՀԿ)՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի հետ համատեղ: Այն ստեղծվել Է մարդու ադենովիրուսային վեկտորների բազայի վրա և ստացել Է «Սպուտնիկ V» անվանումը: Այն լուծույթ Է՝ միջմկանային ներարկման համար: