Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները Վազգեն Մանուկյանի կոչով շրջափակել են ԱԺ մուտքերը, տեղադրվել են նոր վրաններ (տեսանյութ)

16:57 • 09.03.21

23:23

Դուք այս օրերին հայ ժողովրդի ողնաշարն եք, պետք է այդ ողնաշարը պինդ ու ամուր պահենք, նահանջ չկա, հետքայլ չկա, հոգնել չկա: Այս մասին հանրահավաքին ասաց ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Իշխան Սաղաթելյանը:

«Այս հրապարակը՝ Բաղրամյան պողոտան և Դեմիրճյան փողոցը, մենք պետք է պահենք, դա ինքնանպատակ չէ, դա հստակ գործողություն է»,- ասաց նա՝ դիմելով քաղաքացիներին:

Իշխան Սաղաթելյանն ասաց, թե տեղեկություն ունեն, որ արդեն երկու-երեք ժամ է, ինչ ՀՀ բոլոր մարզերից ոստիկանական ուժեր են կուտակվում Երևանում:

«Մեկ անգամ ևս կոչ եմ անում ոստիկանապետին և նրանց, ովքեր կփորձեն դիմել սադրանքների․ ուղիղ ու հստակ ասում եմ, որ պատասխանատվությունը ձեզ վրա է, քանի որ սադրանքների գնում եք դուք»,- ասաց նա և նշեց, որ սա որևէ մեկին իշխանության բերելու հարց չէ, սա երկիրը փրկելու հարց է:

Նա կոչ արեց քաղաքացիներին, որոնք տանն են, վաղը 08:30-09։00 գալ և միանալ իրենց և վաղը ժամը 16:00-ին տեղի կունենա գլխավոր հանրահավաքը, վաղվա համար ևս ունեն ծրագրեր:

«Մեր հաղթանակը շատ մոտ է: Նորից ուզում եմ դիմել ՀՀ Զինված ուժերին, քանի որ այնտեղ մեկ մարդու խնդիր չէ, սա հայոց բանակի խնդիրն է: Ամեն ինչին տեղյակ ենք՝ չփորձեք գնալ սադրանքի, մենք բանակի կողքին ենք, բանակը՝ պետության և Սահմանադրության»,-ասաց նա:


22։00

Սրանից հետո տեղի ունենալիք ցանկացած գործողության, սրացման, բախման պատասխանատվությունը կրում է Նիկոլ Փաշինյանը, և բոլոր այն մարդիկ, ովքեր իրենց ուժերի ներածին չափով ամեն ինչ չեն արել, որ դա կանխվի: Այս մասին այսօր հանրահավաքին ասաց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

«Ցուցարարները իրենց ասելիքը ասել են»,-ասաց նա և նկատեց, որ կազմակերպիչները կանխում են ցանկացած բախում:

«Եթե հանկարծ արյուն թափվի, ապա ինչպես «Մարտի 1»–ի արյունն է Նիկոլ Փաշինյանի ձեռքերին, այնպես էլ այս արյունը կավելանա իր ձեռքերին: Ըստ իմ տեղեկությունների՝ ոստիկանները հրաժարվել են կատարել ուժ կիրառելու հրամանը և հիմա բերվում են ինչ-որ այլ ոստիկաններ, որն անիմաստ է, քանի որ իրենք էլ են հայ լինելու, չկա մի հայ, որը վահանով ու մահակով կհարձակվի ուրիշ՝ խաղաղ կանգնած հայի վրա»,- ասաց նա և նշեց, որ Նիկոլի Հայաստանը ապրելու տեղ չի:



20։01

Ձեզ հետ խոսում է Գեղամ Նազարյանը՝ զոհված Աբգար նազարյանի հայրը, կարմիրբերետավորներ, ձեզ եմ դիմում, դուք այսօր ո՞ւմ հրամանն եք կատարում, նրա, ով ձեր ընկերներին տարավ սպանե՞ց, ով մեր որդիներին սպանե՞ց, հիմա ուզում է տեսնի, թե մենք իրար ոնց ենք խփելու, սթափ եղեք, հանկարծ չտրվեք Նիկոլ վիժվածքի հերթական տականք հրամանին. դիմելով ոստիկաններին ասաց «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Գեղամ Նազարյանը:

Նա ասաց, որ բավական մեծ թվով քաղաքացիներ սպասում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականին, և հորդորեց հիշել Գլխավոր շտաբի հայտարարությունը:

ՀՅԴ անդամ Իշխան Սաղաթելյանը տեղեկացրեց, որ ՀՀ փոխոստիկանապետն իրենց հետ զրույցում առաջարկել է Դեմիրճյան փողոցում վրան չտեղադրել, սակայն նրանք նշել են, որ տեղադրելու են վրաններ:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները շրջափակել են Ազգային ժողովի շենքը, նրանք այս պահին Դեմիրճյան փողոցում են հավաքված:


19:22

Բաղրամյան պողոտայում ընթացող «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքին շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը, դիմելով հանրահավաքի մասնակիցներին ասաց, որ Ազգային ժողովը կաշխատի միայն այն ժամանակ, երբ մեր պետությանը հարիր որոշում կկայացնի:

Վազգեն Մանուկյանի ելույթից հետո Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները շրջափակեցին Ազգային ժողովի շենքը, ոստիկանների և քաղաքացիների միջև բախում տեղի ունեցավ:

ՀՅԴ անդամ Իշխան Սաղաթելյանը դիմելով ոստիկանությանն ասաց, որ ոստիկանության հետ խնդիր չունեն, իրենք Ազգային ժողովի շենք չեն պատրաստվում մտնել. «Մենք առաջ չենք գնում Ազգային ժողով չենք մտնում: Մենք այստեղ հավաքվելու համար ունենք մի նպատակ, որևէ մեկդ այս շենք չենք մտնելու սա մեր հերթական անհնազանդության բողոքի ակցիան է: Մենք 10 օր փակել ենք Բաղրամյան պողոտան, մենք այս փողոցը պետք է փակ պահենք, որովհետև այս Ազգային ժողովը այլևս անելիք չունի: Մենք սադրանքի չենք տրվելու և ոստիկանության հետ որևէ հարց չունենք»:

Ռազմական բժիշկ Տարոն Տոնոյանը դիմելով ոստիկանությանը նշեց, որ չխոչընդոտեն իրենց, քանի որ իրենք պայքարում են հանուն հայրենիքի.

«Ընդամենն ամիսներ առաջ մենք միասին «պոստեր» էինք պահում, մեր հայրենիքն էինք պահում, մի քանի ամիս առաջ ես ձեզ, ձեր ընկերներին էին վիրահատում Հադրութում, Շուշիում, Ստեփանակերտում, մի տրվեք սադրանքների: Սիրելի ոստիկաններ մենք ձեզ հետ հարց չունենք, բայց կունենանք հարց այն ժամանակ, երբ շարունակեք մոլորյալ մնալ, մեր հայրենիքը վտանգի տակ է, հայրենիքը կտոր-կտոր տրվում է թուրքերին, ադրբեջանցիներին, վաղը ոնց եք պաշտպանելու հայրենքիը, թուրքը մեր մեջ է այլևս, դուք անելիք չունենք, այս իշխանությունների հետ, որպես ընկեր, հայ քաղաքացի խնդրում ենք ուժ չկիրառել, մենք կանգնելու ենք մինչև վերջ, որովհետև մենք այլևս ինչ կորցնելու էինք կորցրել ենք: Մի կատարեք այն մարդկանց հրամանները, ովքեր այլևս Հայաստանում տեղ չունեն, իրենք իրենց փրկության ճամփան են բացում ձեր ձեռքով»:


19։17

ԱԺ-ն կաշխատի միայն այն ժամանակ, երբ կընդունի մեր պետությանը հարիր որոշում, հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը, ինչից հետո ցուցարարները Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները փորձում են շրջափակել ԱԺ շենքը։

 
16:57

Բաղրամյան պողոտան շարունակում է փակ մնալ, քաղաքացիները պահանջում են Փաշինյանի հրաժարականը։ 

Հիշեցնենք, որ այսօր սպասվում է նաև «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը։