«Սպուտնիկ V»-ի ստեղծողները ԵՄ-ից պահանջել են ներողություն խնդրել պատվաստանյութը «ռուսական ռուլետկա»-ի հետ համեմատելու համար
«Սպուտնիկ V» պատվաստանյութի ստեղծողները Դեղամիջոցների եվրոպական գործակալության ղեկավար Քրիստի Վիրտումեր Խոխեից պահանջել են ներողություն խնդրել պատվաստանյութը «ռուսական ռուլետկա»-ի հետ համեմատելու համար: Այս մասին գրում է «Կոմերսանտ» պարբերականը:
«Մենք գործակալության ղեկավար Քրիստի Վիրտումեր Խոխեից պահանջում ենք հրապարակայնորեն ներողություն խնդրել «Սպուտնիկ V»-ն անմիջականորեն հաստատած ԵՄ երկրների հասցեին իր բացասական մեկնաբանությունների համար: Մեկնաբանությունները լուրջ հարցեր են առաջացնում փորձաքննությանը հնարավոր քաղաքական միջամտության վերաբերյալ»,-ասված է «Սպուտնիկ V»-ի թվիթերյան պաշտոնական էջում:
Նշվում է, որ գործակալությունը նախկինում թույլ չէր տվել որևէ այլ պատվաստանյութի վերաբերյալ նման հայտարարություններ: Պատվաստանյութի արտադրողները կարծում են, որ նման մեկնաբանությունները խաթարում են գործակալության նկատմամբ վստահությունն ու փորձաքննության գործընթացը:
Քրիստի Վիրտումեր ԽոԽեն նաև Ավստրիայի առողջապահական գործակալության ներկայացուցիչն է: ORF- ին տված հարցազրույցում նրան հարցրել են Ավստրիայի հեռանկարների մասին `ռուսական պատվաստանյութը հաստատելու գործում, մինչև համաեվրոպական կարգավորողի որոշման կայացումը: «Դա մի տեսակ համեմատելի է «ռուսական ռուլետկա» հետ»,-ասել է նա:
Գործակալության նախագահը խորհուրդ է տվել չտրամադրել պատվաստանյութերի արտակարգ օգտագործման թույլտվություն երկրներում, իբր տվյալների անբավարարության պատճառով:










