Օնիկ Գասպարյանն իր հայտարարությամբ ցույց տվեց, որ այս իրավիճակին կա մեկ հանգուցալուծում. Անի Սամսոնյան

13:48 • 10.03.21

Այս գործընթացներն ազդում են բանակի վրա և այն փոփոխությունները, որոնք խիստ անհրաժեշտ են, չեն իրականացվում և պետական սահմանների կամ վերակազմավորման մասին խոսք գնալ չի կարող: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը:

«Այս իրավիճակներն ազդում են բանակի վրա, այդ իսկ պատճառով մենք պայման ենք դրել, որ կգնանք արտահերթ ընտրությունների, եթե գործադիրը դադարեցնի բանակի հետ կռիվը: Հիմա չի կարող խոսք լինել պետական սահմանների մասին, բանակի վերակազմավորման: Այս իրավիճակում չենք կարող խոսել բանակում փոփոխությունների մասին, իսկ այդ փոփոխությունները մեզ օդ ու ջրի պես հարկավոր են»,- ասաց պատգամավորը:

Անի Սամսոնյանը նաև անդրադարձավ Օնիկ Գասպարյանի այսօրվա հայտարարությանը:

«Ըստ Օնիկ Գասպարյանի հայտարարության՝ ԳՇ-ն ևս ուզում է հասկացնել վարչապետին, որ այս խնդիրը կարող է միմիայն լուծվել արտահերթ  ընտրություններով և վարչապետը պետք է որոշի՝ խորացնում է ճգնաժամը բանակի հետ, թե որոշում է հրաժարական տալ և նշանակել արտահերթ ընտրություններ»,- ասաց Անի Սամսոնյանը:

Նա նաև նշեց, որ խնդիրները այս հարցի շուրջ բխում են օրենքի թերացումներից, քանի որ այս մասով հստակ ձևակերպումներ չկան:

«Օնիկ Գասպարյանի հարցը կարող է որոշել միայն սահմանադրական դատարանը: Այս խնդիրներն առաջանում են նրանից, որ օրենքում այս կետերը հստակեցված չեն, և տարբեր իրավաբաններ տարբեր կերպ են մեկնաբանում»,- ասաց Սամսոնյանը: