Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, դա փաստ է, մեղավորները պետք է պատասխան տան․ նկարիչ (տեսանյութ)

16:36 • 10.03.21

Մեր երկիրը շատ լուրջ վտանգների առաջ է կանգնած, բախումներ կլինեն, թե ոչ, չեմ կարող ասել, դա է պատճառը, որ արմատական քայլեր չեն արվում՝ ո՛չ այս կողմից, ո՛չ իշխանական թևի կողմից. Երևանի Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց նկարիչ Արմեն Աթանյանը։

«Ես նկարիչ եմ, որպես մտավորական՝ մտահոգված եմ այս ամեն ինչով և այսօր իմ ներկա լինելու նպատակն է հասկանալ, թե հետագա քայլերն ինչպես պետք է արվեն: Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, դա փաստ է, ուղղակի ժամկետներ ոչ մեկ չի կարող ասել, դա կարող է լինել վաղը, մեկ ամիս հետո, ցավալի է ինձ համար ասել, կամ երկու տարի հետո, բայց դա չի նշանակում, որ պատասխանատվությունից պետք է հեռու մնա, և իր խոսքերը, որ ինքը առաջին պատասխանատուն է, առաջին մեղավորը չէ, դա չի փրկում, որովհետև ի՞նչ է նշանակում առաջին, երկրորդ մեղավոր, բոլոր մեղավորները պետք է պատասխան տան, անկախ նրանից, թե որ թևում են գտնվում, եթե դա չլինի մենք կընկնենք աբսուրդային վիճակում, որ անհասկանալի տեղ կտանի»,- նկատեց նա:

Արմեն Աթանյանը նշեց, որ երկրից հեռանալու նպատակ չունի, բայց փորձելու է ամեն ինչ անել, որ ապազգային քաղաքականություն այս երկրում չտարվի:

«Եթե նախկինները ինչ-որ բաներ կիսատ-պռատ էին անում, խոսքը վերաբերում է գիտությանը, մշակույթին, այսօրվա իշխանությունները քոքից կտրել են ամեն ինչը, հիմա ոչինչ չի արվում, նստած աթոռներին՝ զբաղված են իրենց հարցերով առօրյա ընտանեկան և փող աշխատելու հարցերով, չեն էլ մտածում այս ժողովուրդը ո՞նց է ապրում, կարողանո՞ւմ է աշխատել, թե ոչ: Կոչ եմ անում մտավորական գործիչներին միանալ այս շարժմանը։ Ինձ համար նշանակություն չունի 17 կուսակցություն են, թե 35, իրենք իրենց արդար մտահոգություններն են հայտնում, եղբայր հեռացիր, գալիս է ժամանակավոր կառավարություն, ընտրել են Վազգեն Մանուկյանին, թող գա Մանուկյանը»,– ասաց նա:

Արմեն Աթանյանն ընդգծեց, որ այս իշխանության օրոք արտահերթ ընտրություններ հնարավոր չէ կազմակերպել, քանի որ պետական, կառավարական ռեսուրսները կօգտագործեն և կվերարտադրվեն, ինչը, նրա կարծիքով, ապացուցվեց «իմքայլականների» մարտի 1-ի հանրահավաքի ժամանակ:

«Այսօրվա «փաշինյանական» կառավարության «իմքայլականներ»-ի մեջ 70 տոկոսը նախկիններ են, հիմա սև՞ են, թե սպիտակ, մեկը Անդրանիկ Քոչարյանը, Լևոն Տեր Պետրոսյանի ժամանակվանից ինչ -որ բաներ է արել, հիմա նախկի՞ն է, թե՞ ներկա, կամ Սասուն Միքայելյանը նախկի՞ն է, թե ներկա, ո՞նց կարելի է տարանջատել: Կամ ասում էին՝ նախկինները լափամանից օգտվում էին, այսօրվա իմքայլականները Նիկոլի լափամանից օգտվում էին, հիմա գոռա՞նք այդ մասին»- նշեց նա: