Հայաստանի իշխանությունում հավաքված է մարդկային չարիքների ողջ ներկապնակը. Արմինա Դարբինյան (տեսանյութ)
Հայաստանի այսօրվա իշխանությունում հավաքված է մարդկային չարիքների ողջ ներկապնակը, սա ահավոր վիճակ է: Այս մասին այսօր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արմինա Դարբինյանը:
«Ուզում եմ ընտանիքի մոդելով օրինակ բերել: Այս մարդիկ պատասխանատվություն են կրում իրենց ընտանիքի անդամների նկատմամբ: Հիմա դուք պատկերացրեք՝ եթե ծնողը հոգեկան է, թմրամոլ է, հարբեցող է, սադիստ է, ապիկար է, ինչ են անում այս դեպքում. զրկում են ծնողական իրավունքից: Մարդիկ, որոնք պատասխանատվություն էին կրում ազգի համար, դավաճանեցին մեզ ու թողեցին ծանր վիճակում, սա վերաբերում է թե՛ վարչապետին, թե՛ նախագահին»,-ասաց նա:
Արմինա Դարբինյանը նշեց, որ դեռ հույսեր կային, որ նախագահը լուծում կտա հարցերին, բայց ոչինչ չստացվեց: «Անտարբեր նստել էլ չի լինի: Մտավորականությունը ևս պետք է գործի, մտավորականության հիմնական գործառույթը կարծիք ձևավորելն է, շատ կարևոր է հիմա աշխատել չկողմնորոշվածների հետ, որոնք ո՛չ իշխանության կողմից են, ո՛չ ընդդիմության, բայց անտարբեր լինել պետք չէ, որովհետև այդ անտարբերությունը ձեր դեմ կօգտագործեն»,– ավելացրեց նա:










