Պարո՛ն Սարգսյան, մենք հարկեր վճարում ենք մեր երկրի նախագահին, ինչի՞ համար, անգործությա՞ն, չէ՞ որ այսօր այն պահն էր, որ Դուք պետք է տեր կանգնեիք Ձեր լիազորություններին. Արմենուհի Կյուրեղյան

12:02 • 10.03.21

Այն, որ Նիկոլ Փաշինյանը նման հայտարարություն կաներ, ենթադրվում էր, որովհետև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն իր անգործության պատճառով հասցրել էր այդ ելքին. Դեմիրճյան փողոցում Tert.am-ին ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արմենուհի Կյուրեղյանը՝ անդրադառնալով կառավարության հայտարարությանը, որ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը իրավունքի ուժով համարվում է ազատված զբաղեցրած պաշտոնից։

Նրա խոսքով՝ Արմեն Սարգսյանը հայտարարություն է տարածել, թե դիմել է Սահմանադրական դատարան զինվորականության մասին օրենքի հակասահմանադրականությունը ճանաչելու համար և տեքստի հաջորդ պարբերության մեջ իրեն արդարացնելու համար գրել է՝ այդ խնդիրը ընդհանրապես իրավակիրառ պրակտիկայում Օնիկ Գասպարյանի հետ կիրառված հարցի շուրջ խնդիր է առաջացրել և հակասահմանադրականությունն ակնհայտ է դարձրել և հույս հայտնել, որ ՍԴ-ն կքննարկի և կտա հանգուցալուծում:

«Այն հարցը, որ կարող էր Արմեն Սարգսյանը լուծել, իր գործը գցել է ՍԴ-ի վրա ու հույս հայտնում, որ դատարանը իր գործը կանի: Պարո՛ն Սարգսյան, մենք հարկեր վճարում ենք մեր երկրի նախագահին, ինչի՞ համար, անգործությա՞ն, չէ՞ որ այսօր այն պահն էր, որ Դուք պետք է տեր կանգնեիք Ձեր լիազորություններին և արդեն երեք տարի նախագահ լինելով՝ անընդհատ անգործություն եք իրականացրել, և երկրում բազմակի Սահմանադրական կարգի տապալմանը ոչ մի արձագանք չեք տվել՝ հոկտեմբերի 2-ին, դատարանների շրջափակումը, ՍԴ դատավորների նկատմամբ գործողությունները սահմանադրական կարգի տապալում էր և վերջապես Օնիկ Գասպարյանի նկատմամբ այս որոշումը, ե՞րբ պետք է հասկանաք, որ մեր երկրի նախագահն եք և վճարվում  եք»:

Կյուրեղյանը նշեց, որ այս իշխանությունները միայն իրենց անձի մասին են մտածում, հիշեցնելով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե Օնիկ Գասպարյանը կատարել է Սերժ Սարգսյանի հրամանը.

«Դա ինքնախոստովանություն է, Փաշինյանը խոստովանում է, որ ինքն այլևս անկարող է շտաբի պետին ինչ-որ բան ասել և Սերժ Սարգսյանը հրամայում է, և նա կատարում է: Կամ «Իսկանդեր»-ի այդ հայտարարությունը, ասում է, որ իրեն սխալ են զեկուցել, ո՞վ է սխալ զեկուցել, քո նշանակած ենթականնե՞րը, նշանակում է կա՛մ նրանք ոչինչ չեն հասկանում, կա՛մ ձեզ դիտմամբ խաբել են, կամ էլ դուք տրամաբանությունից հեռու եք, որ անհեթեթություններ եք դուրս տալիս, այդ հարցի շուրջ ռազմավարական մեր գործընկերոջ հասցեին: Դուք խոստովանում եք, որ անկարող եք և ղեկավար չեք»:

Անդրադառնալով Հայաստանի տարբեր շրջաններից ոստիկանական մեծաթիվ ուժերի ներկայությունը Երևանում, Կյուրեղյանը ասաց.

«Ոստիկանական ուժերը նրա անձը փրկելու համար է, մեր հարկերով երկիրը սարքել է ոստիկանապետություն, որպեսզի գումարը հերիքի ոստիկաններին կամ իր «պամպերսներին», որովհետև վախով է ման գալիս, վախկոտ ղեկավարը երկար չի կարող մնալ երկրի ղեկավար»: