ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստը կկայանա տարեվերջին` Տաջիկստանում
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստը կկայանա այս տարվա չորրորդ եռամսյակում` Տաջիկստանում: «ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին չորեքշաբթի հայտնել է Ղազախստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը՝ նախարար Մուխթար Տլեուբերդիի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հանդիպման ավարտին:
«Հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել ՀԱՊԿ-ի ընթացիկ աշխատանքի մասին, քննարկվել է հարցերի լայն շրջանակ՝ կազմակերպության գործունեության բոլոր առանցքային ուղղություններով: Նախարարն ընդունել է մայիսին Դուշանբեում կայանալիք ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի հերթական նիստի հրավերը: ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստը կկայանա 2021 թվականի չորրորդ եռամսյակում Տաջիկստանում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ղազախստանի արտաքին քաղաքականության գերատեսչության տվյալներով՝ կողմերը նաև պատրաստակամություն են հայտնել կազմակերպության հետագա ամրապնդման նպատակով համագործակցության հարցում:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մարտի 9-10-ն աշխատանքային այցով գտնվում է Ղազախստանում: Ակնկալվում է, որ Զասին կընդունի երկրի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը:










