Ֆրանսիան առաջին անգամ վարժանքներ է անցկացնում տիեզերքում
Ֆրանսիացի զինվորականները երկրի զինված ուժերի պատմության մեջ առաջին անգամ երկուշաբթի սկսել են ուսումնավարժանքներ անել տիեզերքում: Այս մասին հայտնում է swissinfo.ch կայքը՝ հղում անելով ֆրանսիական աղբյուրներին:
Զորավարժությունները կրում են AsterX անվանումը՝ ի հիշատակ առաջին ֆրանսիական Asterix արբանյակի, որն արձակվել է 1965 թվականին: Մանևրներ իրականացնելիս զինվորականները հետևելու են վտանգավոր տիեզերական օբյեկտի տեղաշարժին, ինչպես նաև վերահսկելու են սեփական արբանյակի հանդեպ առաջացող սպառնալիքը:
«Ըստ ուսումնավարժանքի նախատեսված ծրագրի՝ մի շարք իրադարձություններ են տեղի ունենալու և ճգնաժամային իրավիճակ է ստեղծվելու և սպառնալիքներ են լինելու մեր տիեզերական ենթակառուցվածքների նկատմամբ»,- տեղի լրատվամիջոցները մեջբերում են Ֆրանսիայի տիեզերական ուժերի հրամանատար Միշել Ֆրիդլինգին:
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ զորավարժություններին, որոնք կշարունակվեն մինչև ուրբաթ, մասնակցում են ԱՄՆ տիեզերական ուժերը և Գերմանիայի տիեզերական գործակալությունները:
Ֆրանսիայի տիեզերական ուժերի հրամանատարությունը ստղծվել է 2019 թվականին: 2019-2025 թվականներին դրա ֆինանսավորման ծավալը պետք է հասնի 5 մլրդ դոլարի, իսկ անձնակազմը՝ 500 մարդու:










