«Մի դրամի ուժն» ամփոփում է հերթական ծրագիրն ու հայտարարում հաջորդ շահառուի անունը (տեսանյութ)
IDBank-ն ու Իդրամն ամփոփեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության հերթական ծրագիրը՝ փոխանցելով 6.962.504 դրամ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին: Մի դրամ ավելի չծախսելով IDBank-ի և Իդրամի հաճախորդները վճարում են Իդրամի, IDBanking.am առցանց հարթակի, ընկերությունների տերմինալների միջոցով, իսկ Բանկն ու «Իդրամ»-ը յուրաքանչյուր վճարման դիմաց 1 դրամ փոխանցում են վերականգնողական կենտրոնին:
«Ուրախությամբ պետք է նշեմ, որ ամսական կտրվածքով նշված համակարգերով վճարումների քանակական նկատելի աճ ունենք, իսկ դա նշանակում է, որ մեր հաճախորդները գիտակցում են, որ իրենք էլ բարեգործության մի մասն են, ու որքան շատ վճարումներ կատարեն Իդրամով, այնքան ավելի մեծ գումար կփոխանցվի այս կամ այն նախաձեռնությանը», - ասել է Իդրամի մարկետինգի բաժնի ղեկավար Գոռ Ամիրյանը:
«Մի դրամի ուժը» շարունակվում է: IDBank-ի հաղորդակցման բաժնի ղեկավարի խոսքով՝ հետպատերազմական շրջանում, երբ մեր հասարակության ուշադրության կենտրոնում հայրենիքի պաշտպաններն են, IDBank-ն ու Իդրամը շարունակում են աջակցությունը վիրավոր զինծառայողներին՝ այս տարվա ԿՍՊ ծրագրերի հիմքում դնելով հայրենիքի պաշտպաններին արժանապատիվ ու առողջ ապագա ապահովելու ձգտումը:
«Մենք արդեն գործակցել ենք «Վիվա-Բժիշկներ և Կամավորներ Հայաստանին» բարեգործական հիմնադրամի հետ, որը թե պատերազմի ընթացքում, թե հետպատերազմյան շրջանում աջակցում է Արցախին՝ բժիշկների վերապատրաստման, բուժսարքավորումներով ապահովման և վիրավոր զինծառայողներին անհրաժեշտ բուժումներն անցկացնելու միջոցով: Առաջիկա երեք ամսում «Մի դրամի ուժի» ամբողջ ուժը կուղղվի հենց «Վիվա» հիմնադրամին: Հուսով ենք, որ մեր օգտատերերն էլ ավելի ակտիվորեն կկատարեն վճարումները, որպեսզի մայիսի 31-ին հնարավորինս մեծ գումարով կարողանանք օգտակար լինել մեր զինվորներին»,- ասել է Տաթևիկ Վարդևանյանը:
«Վիվա» բարեգործական հիմնադրամի տնօրեն Տատյանա Հովհաննիսյանն էլ, պատմելով հիմնադրամի ծրագրերի մասին, նշել է, որ այս պահին մոսկովյան լավագույն հիվանդանոցներում բուժվում են աչքի վնասվածք ստացած մեր զինծառայողները:
«Քանի որ Հայաստանում աչքի պրոթեզավորման և որոշ այլ վիրահատությունների հնարավորությունները սահմանափակ են, նման վիրավորում ստացած զինծառայողների բուժումն իրականացնում ենք Մոսկվայում: Շուտով Մոսկվայից բժիշկներ կժամանեն Հայաստան և Արցախ՝ անհրաժեշտ մասնագիտական օգնություն ցուցաբերելու նպատակով: Բժիշկների այցը պարբերական բնույթ է կրելու, սակայն մենք չենք դադարեցնում նաև Հայաստանի և Արցախի հատկապես սահմանամերձ գոտիների բժիշկների վերապատրաստման ծրագիրը Ռուսաստանում: Ուրախ ենք, որ «Մի դրամի ուժը» նախաձեռնության հաջորդ շահառուն հիմնադրամն է: Ինքս Իդրամի օգտատեր եմ: Ամեն վճարում կատարելիս ուրախանում եմ, երբ ընկերություններն իմ փոխարեն մեկ դրամ փոխանցում են նախաձեռնությանը »,- ասել է Տատյանա Հովհաննիսյանը:
«Մի դրամի ուժը»-ը մեկնարկեց 2020 թվականի հունիսին: Առաջին փուլում հավաքված գումարն ուղղվել է սահմանամերձ գոտում ապրող երեխաների համար համակարգիչների գնմանը՝ հեռավար ուսուցման անխափան ընթացքն ապահովելու համար: Հաջորդ փուլերն ուղղված էին Համահայկական և 1000+ հիմնադրամներին, Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին և այլ նախաձեռնություններին։ Ընդհանուր առմամբ՝ «Մի դրամի ուժը» նախաձեռնությունից ի աջակցություն մեր երկրի համար կարևոր նշանակություն ունեցող ծրագրերի փոխանցվել է ավելի քան 18 մլն դրամ: Իդրամի և IDBank-ի հավելվածով հնարավոր է վճարել 4500-ից ավելի վաճառակետերում և ավելի քան 400 առցանց խանութում:
Մանրամասն՝ տեսանյութում։
Լրագրող՝ Լուսինե Զարայելյան










