«ՀՀ-ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի պաշտոնական ներկայացուցչի դեմ հնչեցված լրտեսության մեղադրանքներն անհիմն են». Ստեֆան Դյուժարիկ
Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը «անհիմն» է որակել Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիան Քլարկ-Հաթթինգի դեմ ուղղված լրտեսության մեղադրանքները:
Այս մասին նա հայտարարել է ճեպազրույցում, փոխանցում է ՄԱԿ-ի պաշտոնական կայքը:
«Նրա դեմ հնչեցված մեղադրանքները ... լրտեսության մեղադրանքներն անհիմն են, և ես վճռականորեն պաշտպանում եմ նրան: Այն, ինչ կարող եմ ձեզ ասել, այն է, ինչ ինձ հայտնել են ՅՈՒՆԻՍԵՖ-ի իմ գործընկերները. կազմակերպությունը և ՀՀ կառավարությունը պայմանավորվածություն են ձեռք բերել այն մասին, որ Մարիան Քլարկ-Հաթթինգը կավարտի այս ամիս Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի իր պարտականությունները, որից հետո նա կնշանակվի այլ հանձնարարության կատարման համար»,- ասել է նա ու հավելել՝ Քլարկ-Հաթթինգը բարձր որակավորում ունեցող, չափազանց փորձառու և նվիրված մասնագետ է, որը նախկինում ծառայել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գլխամասային գրասենյակում, ինչպես նաև զբաղեցրել է այլ պաշտոններ Մալայզիայում, Սոմալիում, Գվինեայում, Բենինում և Մադագասկարում:
Բացի այդ, Դյուժարիկը հիշեցրել է՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը Հայաստանում գործում է 1993 թվականից և մշտապես սերտ և արդյունավետ գործընկերություն է ունեցել երկրի կառավարության հետ:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայկական Mediaport տելեգրամյան ալիքը, վկայակոչելով սեփական աղբյուրները, հայտարարել էր, որ ՀՀ իշխանությունները դադարեցրել են Մարիան Քլարկ-Հաթթինգի մանդատը՝ կասկածելով նրան Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսության համար:
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանն այս առնչությամբ հայտնել էր, որ «հայկական կողմի համար խնդրահարույց է եղել Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Մարիան Քլարկ-Հաթթինգի իր մանդատի իրականացման գործում թերացումները և ոչ համագործակցային աշխատելաոճը, ուստի ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել դադարեցնել նրա պաշտոնավարումը որպես Հայաստանի Հանրապետությունում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ: Որոշման մասին ՄԱԿ-ի Մշտական համակարգողը ու ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչները տեղեկացվել են»:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Մարիան Քլարկ-Հաթթինգը ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարությունը ստանձնել է 2020-ի հուլիսին։ Մինչ այդ նա որպես ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ պաշտոնավարել է Մալայզիայում։










