Հութիների հարձակումների ակտիվացման ֆոնին ԱՄՆ-ն մտադիր է ավելացնել Սաուդյան Արաբիային ցուցաբերվող աջակցությունը
Միացյալ Նահանգները, Եմենի հութիների հարձակումներից պաշտպանվելու համար, կփորձի մեծացնել Սաուդյան Արաբիային տրվող իր աջակցությունը, մամուլի ասուլիսի ընթացքում ասել է Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին, հայտնում է almasdarnews.com–ը:
«Մենք հասկանում ենք, որ նրանց նկատմամբ սպառնալիքներ կան Եմենից և տարածաշրջանի այլ երկրներից», - նշել է Փսակին և հավելել,-«Որպես մեր միջգերատեսչական գործընթացի մի մաս, մենք ուղիներ կփնտրենք՝ իր տարածքը սպառնալիքներից պաշտպանելու համար Սաուդյան Արաբիային տրվող աջակցությունն ավելացնելու»:
Փսակին նշել է, որ ԱՄՆ-ն անհանգստացած է հութիների կողմից Սաուդյան Արաբիայի վրա իրականացվող հարձակումների հաճախականությունից և հավելել,-«Հարձակումներն անընդունելի են և վտանգավոր»:
Փսակին ասել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է Սաուդյան Արաբիայի կառավարության հետ սերտ համագործակցությունը` հաշվի առնելով այն սպառնալիքը, որին երկիրը հաճախակի բախվում է:
Ավելի վաղ, Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիան պնդում էր, որ որսացել է տասն անօդաչու թռչող սարք, որոնք օդ էին բարձրացվել հութիների կողմից և որոնց թիրախը խաղաղ բնակիչներն են եղել: Քանի որ վերջերս հութիներն ուժեղացրել են հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակումները Սաուդյան Արաբիայի ուղղությամբ, կոալիցիան հայտարարել է հութիների դեմ ռազմական գործողություն սկսելու մասին:










