Կա շուրջ 210 մասունք, որոնց հետ աշխատելը դժվար է, հնարավոր չէ ԴՆԹ անալիզ անցկացնել. Անահիտ Ավանեսյանը (տեսանյութ)

12:25 • 11.03.21

Կան մասունքներ, որոնք այնքան վնասված են, որ ուղղակիորեն հնարավոր չէ փորձաքննություն իրականացնել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Մենք արդեն չունենք փորձանմուշներ, որոնք մեկ անգամ չեն ստուգվել, և կան մասունքներ, մարմիններ, որոնք շատ վնասված են և դրանցից ԴՆԹ անալիզ անջատել և փորձաքննություն անցկացնելը բավականին բարդ գործընթաց է, և մենք կապի մեջ ենք միջազգային բարձրակարգ այլ ինստիտուտների հետ, նրանց փորձագետների հետ և տեսնենք՝ ինչ արդյունք կունենանք»,- ասաց Անահիտ Ավանեսյանը:

Առողջապահության նախարարը նաև նշեց՝ մասունքներն այնքան վնասված են, որ անգամ այլ երկրների լաբորատորիաներում հնարավոր չի լինի անցկացնել փորձաքննություն:

«210 փորձանմուշ կա, որոնց հետ աշխատելը դժվար է: 2200-ից ավել ճանաչում ունենք, և ունենք 180 ծնող, ովքեր սպասում են փորձանմուշների պատասխանի»,- ասաց նա:

Անահիտ Ավանեսյանը հաստատեց, որ Մեծամորի դիահերձարանում պահվում են զոհվածների մարմիններ:

«Այնտեղ մեր դիահերձարանն է։ Դրանք հատուկ սառնարաններ են՝ նախատեսված նման դեպքերի համար»,- նշեց նա:

Անահիտ Ավանեսյանը նաև հերքեց խոսակցությունները, որ փորձանմուշների և մարմինների մեջ կարող են լինել նաև ադրբեջանցիների մարմինները, և որ նրանք կարող են հուղարկավորվել եղբայրական գերեզմանում: