«Եթե ես նախագահ չլինեի, դուք լավագույն դեպքում ևս 5 տարի և որ ավելի հավանական է՝ երբևէ չէիք ստանա այդ գեղեցիկ ներարկումը»․ Թրամփը հույս է հայտնել, որ ամերիկացիները պատվաստվելիս «կհիշեն իր մասին»

09:15 • 11.03.21

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել նոր հայտարարությամբ՝ փորձելով կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի հաջողությունն իրեն վերագրել, գրում է The Independent-ը։

Նախօրեին տարածած հաղորդագրությունում նախկին նախագահը հայտարարել է, որ հույս ունի՝ մարդիկ COVID-19-ի դեմ պատվաստվելիս կհիշեն իրեն և իր նախագահության տարիները։

«Հուսով եմ՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութը ստանալիս բոլորդ կհիշեք, որ եթե ես նախագահ չլինեի, դուք լավագույն դեպքում ևս 5 տարի և որ ավելի հավանական է՝ երբևէ չէիք ստանա այդ գեղեցիկ ներարկումը»,- ասված է նրա հայտարարության մեջ։

Նշվում է, որ Թրամփն իր հայտարարությունը տարածել է Բյադենի՝ Johnson & Johnson ընկերությունից ևս 100 մլն չափաբաժին պատվաստանյութ ձեռք բերելու մտադրության վերաբերյալ հայտարարությունից ժամեր անց։

Բայդենը նման հայտարարությամբ է հանդես եկել Johnson & Johnson և Merck & Co ընկերությունների ղեկավարների հետ հանդիպումից հետո, որոնք պայմանավորվել են J&J կորոնավիրուսային պատվաստանյութի արտադրության հարցում համագործակցել։

«Սա պատմական, գրեթե աննախադեպ համագործակցություն է»,- մեկնաբանել էր Բայդենը: