Ներկայացուցիչների պալատը հաստատել է տնտեսության խթանման 1,9 մլրդ դոլար ծավալով փաթեթը. ամերիկացիների մեծ մասը 1400-ական դոլար օգնություն կստանա

12:03 • 11.03.21

Չորեքշաբթի ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը վերջնականապես հաստատել է համավարակի պայմաններում տնտեսության խթանման միջոցառումների`1,9 միլիարդ դոլար ծավալով փաթեթը, որը Միացյալ Նահանգների պատմության մեջ ամենամեծ տնտեսական խթանիչ միջոցառումներից մեկն է և նախագահ Ջո Բայդենի առաջին խոշոր հաղթանակն այս պաշտոնում, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:

Օրինագծով նախատեսվում է 400 միլիարդ դոլար հատկացնել ամերիկացիների մեծամասնությանը` 1400 դոլար ուղիղ վճարման համար, 350 միլիարդ դոլար` տեղական կառավարություններին և տեղական ինքնակառավարման մարմիններին, ընդլայնել երեխաների հարկային վարկը և ավելացնել պատվաստանյութերի բաշխման ֆինանսավորումը:

«Օգնությունն այստեղ է», - քվեարկությունից հետո թվիթերյան իր օգտահաշվում գրել է Բայդենը: Սպիտակ տունը հայտնել է, որ նախագահն օրինագիծը նախատեսում է ստորագրել ուրբաթ:

Ֆինանսների նախարար Ջանեթ Յելենն ասել է, որ օրենսդրության ընդունումն ԱՄՆ-ի տնտեսության համար կարևոր է, քանի որ այն նպաստելու է տնտեսության վերականգնմանը։

Հանրապետականները պնդում էին, որ օրինագիծը չափազանց ծախսատար է: Նրանց համոզմամբ`անցած տարին վատագույնն էր, և հիմա տնտեսությունը դեպի լավն է գնում։ Հակառակ նրան, որ նախկին նախագահ Դոնալ Թրամփի պաշտոնավարման ընթացքում հանրապետականներն աջակցում էին խթանիչ միջոցառումների իրականացման փաթեթին, այնուամենայնիվ, հանրապետական ոչ մի պատգամավոր կողմ չի քվեարկել նախագծին։