Ներկայումս մոտ 100 ազատ մահճակալ ունենք, շարունակում ենք ավելացնել դրանք․ նախարարը՝ կորոնավիրուսի դեպքերի աճի մասին (տեսանյութ)
Կորոնավիրուի դեպքերի էական աճ ունենք: Այս մասին այսօր Կառավարության հերթական նիստին մինչ օրակարգին անցնելը ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսային իրավիճակին:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, թե երեկ իրականացվել է 4285 թեստավորում, որից դրական է եղել 748-ը: Նախարարն ասաց, թե այս պահին ակտիվ դեքերի թիվը 6772 է, որոնցից 901-ը հոսպիտալացված է:
«Այս պահին ունենք ծավալված ինը բժշկական կենտրոն, որոնք սպասարկում են կորոնավիրուսով պացիենտներին, ներկայումս մոտ ազատ 100 մահճակալ ունենք, այս օրերին շարունակում ենք ծավալման աշխատանքները»,- ասաց և նշեց, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի հիվանդների թիվը չգերազանցի եղած կարողությույնները:
Նիկոլ Փաշինյանը կարևորեց հակահամաճարակային կանոններն առավելագույնս պահպանելը: «Պետք է մեր խնդիրը լինի, որ մենք շարժվենք այն ճանապարհով, որ սահմանափակումներ սահմանելու անհրաժեշտություն չլինի, խնդրում եմ, կոչ եմ անում մեր ժողովրդին առանձնահատուկ ուշադրություն դարձնել խնդրի վրա, որովհետև մեզնից յուրաքանչյուրի անհատական մոտեցումը էական նշանակություն է ունենալու այս հարցում»,-ասաց նա:










