Կապիտոլիումի գրոհի համար մեղադրվողը նախկինում ծառայել է ԱՄՆ նախագահի էսկադրիլիայում. The Washington Post

10:27 • 11.03.21

Կապիտոլիումի գրոհի համար մեղադրվողներից մեկը նախկինում ծառայել է Ամերիկայի Միացյալ Նահանգների ծովային հետևակի ուղղաթիռների էսկադրիլիայի կազմում, որը պատասխանատու է ԱՄՆ նախագահի և այլ բարձրաստիճան անձանց տեղափոխման համար, գրում է The Washington Post-ը:

Պարբերականի տվյալներով՝ հետևակի կորպուսի 35-ամյա վետերան Ջոն Դանիել Էնդրիսը ձերբակալվել էր փետրվարին՝ մեղադրվելով Կապիտոլիումի տարածք բռնի ներխուժման և հասարակական կարգը խախտելու համար: Հաղորդվում է, որ նա ծովային հետևակին միացել է 2004 թվականին, իսկ երկու տարի անց միացել է ուղղաթիռների էսկադրիլիաներից մեկին (HMX-1), որտեղ նրա պարտականությունների մեջ է մտել ուղղաթիռի սպասարկումը:

Պաշտոնյաների խոսքով՝ այս էսկադրիլիայի անդամները հատուկ ստուգումներ են անցնում և գաղտնի տեղեկատվությանը հասանելություն են ձեռք բերում: Հրապարակման մեջ նշվում է, որ Էնդրիսը ծովային հետևակը լքել է 2009-ի նոյեմբերին՝ կրտսեր կապրալի զինվորական կոչումով:

Հիշեցնենք՝ հունվարի 6-ին ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները Վաշինգտոնում կայացած ցույցից հետո գրոհել էին Կապիտոլիումը, որի պատճառով մի քանի ժամ շարունակ ընդհատվել էր Կոնգրեսի աշխատանքը: Անկարգությունների հետևանքով զոհվել էր 5 մարդ, այդ թվում՝ 1 ոստիկան:

Իրավապահ մարմինները խռովարարներին հեռացրել էին Կոնգրեսի շենքից, որից հետո կոնգրեսականները հաստատել էին դեմոկրատ Ջո Բայդենի հաղթանակը նախագահական ընտրություններում:

Ներկայացուցիչների պալատը իմպիչմենթի էր ենթարկել Թրամփին՝ ապստամբություն հրահրելու մեղադրանքով, բայց Սենատը արդարացրել էր նախկին ղեկավարին: