Դոնբասում Ուկրաինայի զինված ուժերի զինծառայող է զոհվել

13:20 • 11.03.21

Դոնեցկի Ստարոգնատովկա գյուղից ոչ հեռու ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ժողովրդական միլիցիայի զինված ուժերը կրակ են բացել ուկրաինացի զինվորականների դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով սպանվել է Ուկրաինայի զինված ուժերի զինծառայող:

Այս մասին հայտնում է korrespondent.net–ը՝ հղում տալով «Ֆեյսբուք»-ում գործող «Վոստոկ» օպերատիվ-մարտավարական խմբի էջում տեղադրված հայտարարությանը:

«Հակառակորդի կրակոցների հետևանքով Ուկրաինայի զինված ուժերի ծառայողը ծանր վիրավորում է ստացել: Նրան անհապաղ բժշկական օգնություն է տրամադրվել, սակայն, ցավոք, նրա կյանքը փրկել հնարավոր չի եղել», - գրված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ԵԱՀԿ ներկայացուցիչները տեղեկացվել են կատարվածի մասին ուկրաինական կողմի միջոցով: Դեպքի վայրում աշխատում Է զորամասի ղեկավարությունը և Ուկրաինայի զինված ուժերի ռազմական իրավապահ ծառայության աշխատանքային խումբը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, նախօրեին Դոնբասի Միխայլովկա (Զոլոտոե -5) գյուղում մարտեր են սկսվել Ուկրաինայի զինված ուժերի և ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ժողովրդական միլիցիայի զինված ուժերի միջև: