Բանակի և քաղաքական իշխանության միջև կան անհամաձայնություններ, բայց Օնիկ Գասպարյանի երեկվա հայտարարությունն անսպասելի էր․ Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)

15:54 • 11.03.21

Մենք տեսել ենք անհամաձայնություններ բանակի և քաղաքական իշխանության միջև, բայց Օնիկ Գասպարյանի երեկվա հայտարարությունն անսպասելի էր: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

«Մենք տեսել ենք, սկսած փետրվարի 25-ից, հրապարակային դարձած անհամաձայնություն մեր զինվորականության և քաղաքական իշխանության միջև: Այս անհամաձայնությունն ինչ-որ առումով միջնորդավորված էր իրավաբանական կողմով, ինչպես կարող է կամ չի կարող պաշտոնից ազատել ԳՇ պետին»,- ասաց Մելիքյանը:

Իրավապաշտպանը նշեց, որ շատ իրավաբաններ հիմնավորում էին, որ իշխանության գործողությունները հակասահմանադրական են։


«Ըստ իրավաբանների՝ այս գործընթացում մի քանի տարբեր մոտեցումներ կային, և ինձ համար զարմանալի էր, որ ԳՇ արդեն նախկին պետն ընդունեց այն  մեկնաբանությունը, համաձայն որի՝ նրա գործունեությունը դադարեցված է համարվում, որովհետև կային իրավաբաններ, որ հակառակ մոտեցումը ոչ միայն պնդում էին, այլև՝ հիմնավորում»,- ասաց նա:

Իրավապաշտպանը նաև նշեց, որ այս ընթացքում կային մարդիկ, որոնք զգուշացնում էին, թե պետք չէ մարդկանց հերոսացնել։ Ըստ նրա՝ առհասարակ հերոսացումը մեր հասարակության ամենակարևոր արատներից մեկն է։

«Հերոսացնել մարդկանց առանց բավարար հիմքի և ստեղծել կուռքեր, հետո այդ  կուռքերի վարքագիծը համարել ոչ ճիշտ: Օնիկ Գասպարյանը գեներալի կոչում ստացել էր Նիկոլ Փաշինյանի ձեռքերից՝ պատերազմի ժամանակ, և անհասկանալի էր՝ ինչո՞ւ: Օնիկ Գասպարյանը, շատերի կարծիքով, բարձրորակ սպայական ճանապարհ է անցել»,- ասաց Ռուբեն Մելիքյանը: