«ՊՆ-ում մեզ չեն ընդունում, թքած ունեն մեզ ու մեր երեխաների վրա, 5 ամիս է՝ էսօր-վաղն են անում». անհետ կորած զինծառայողի հարազատը մյուս ծնողներին կոչ արեց փակել ՊՆ մուտքերը

14:45 • 11.03.21

Ես գտնվում եմ ՊՆ գլխավոր մուտքի դիմաց, մեքենայով փակել եմ ելումուտը: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց անհետ կորած զինծառայողի հարազատ Արսեն Ղուկասյանը՝ նշելով, թե փորձել են հանդիպել պաշտպանության նախարարի հետ, սակայն չի ստացվել:

«Երկու ժամից ավել այստեղ եմ, ուզում էինք պաշտպանության նախարարի հետ հանդիպել, որովհետև անհետաձգելի հարց կար, բայց նրանք մեզ 2 ժամից ավել կանգնեցրել են այստեղ, ոչ մեկը չբարեհաճեց մեզ ընդունել, ասել են՝ գնացեք, ժամը 6-ից հետո կգաք: Մեզ չեն ընդունում, թքած ունեն թե՛ մեր, թե՛ մեր երեխաների վրա»,- հայտարարեց Ղուկասյանը:

Նա անհետ կորած զինծառայողների ծնողներին կոչ արեց ավտոմեքենաներով միանալ իրենց ու փակել ՊՆ-ի բոլոր ելքերն ու մուտքերը.

«Պետք է փակենք, որ ՊՆ-ն հասկանա՝ հերիք է՝ մեզ քթից բռնած տանեն այստեղից այնտեղ: Թող սկսեն աշխատել մեր երեխաների հարցով, այսօր այնպիսի վիճակ է, որ ամեն պահի կարող է պատերազմ սկսվել, բայց էս մարդիկ ոչ մի բան չեն անում, զբաղված են իրենց աթոռներով: Եկեք, հասկանանք՝ այս մարդիկ երբ են սկսելու մեր երեխաների հարցով զբաղվել: Նախարարը տեղում չէ, փոխնախարարները տեղում չեն: 5 ամիս է՝ մեզ էսօր-վաղն են անում, մենք էլ չենք ուզում հեքիաթների հավատալ: Այս մարիկ չեն ուզում ընկալել, որ հարցը շատ լուրջ է»,-հայտարարեց նա: