Գլխավոր շտաբի հայտարարությունից հետո պետք է լինեին իրական գործողություններ. Նարեկ Սամսոնյան (տեսանյութ)

14:25 • 11.03.21

Գլխավոր շտաբը տարածեց հայտարարություն, բայց չեն եղել իրական գործողություններ շտաբի, կամ ընդդիմության կողմից: Գլխավոր շտաբը պետք է ունենար հաստատված գործողությունների շարք, որոնք կատարելուց հետո նոր պետք է հայտարարությունը տարածեր: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի նախագահ Նարեկ Սամսոնյանը:

«Ի սկզբանե պարզ էր, որ Գլխավոր շտաբի հայտարարությունն առանց ռեալ գործողությունների անհնար է, որ հաջողության կհասներ: Այդ գործողության համար պետք էր, կամ ընդդիմադիր ուժերի կողմից գործողությունների շարք, որը լեգիտիմ իրավունքները կտար գլխավոր շտաբին, կամ գլխավոր շտաբը պետք է մինչև հայտարարություն անելը, աներ գործողություն, որից հետո նոր հայտարարություն աներ, որ ամեն-ինչ զինվորականների վերահսկողության տակ է և վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձը կալանավորված է»,- ասաց Նարեկ Սամսոնյանը:

Նրա հավաստմամբ՝ Արմեն Սարգսյանին գործում ներգրավելը եղել է շեղող գործողություն: «Ընթացքում՝ որպես շեղող արարք, մտցրին նախագահի պաշտոնը զբաղեցնող անձին, և այդ անձը իր մարդկային արժեքներին համարժեք թուլամորթությամբ ոչինչ չարեց, ունեցանք հանգուցալուծում, որտեղ առանց որևէ «կրակոցի» սպանվեցին բազմաթիվ նապաստակներ»,- նշեց նա:

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի ղեկավարը նաև մեկնաբանեց Արմեն Սարգսյանի առաջարկը, որով նա ցանկանում է հանդիպել առկա քաղաքական ուժերի հետ: «Արմեն Սարգսյանի հետ հանդիպումը և այդ հանդիպումից ինչ-որ բան ակնկալելը  քաղաքական դալտոնիզմի ուղղակի ախտանիշներ են: «Լուսավոր Հայաստանը» մահացած ուժ է, և ես չեմ պատրաստվում որևէ բան ասել հանգուցյալի մասին »,- ասաց նա:

Նարեկ Սամսոնյանը նաև անդրադարձավ երեկ Նիկոլ Փաշինյանի այցելությանը գլխավոր շտաբ: «Ազգի դավաճանին Գլխավոր շտաբում ընդունում են հոտնկայս: Սա անհասկանալի և աներևակայելի երևույթ է»,-ասաց նա:

Նարեկ Սամսոնյանը նաև խոսեց ընդդիմության գործունեության մասին, որը ըստ նրա՝ անարդյունավետ է, և նրանց գործողությունների հապաղումը բերում է կործանման:

«Ես կարող եմ 3-4 դեպք բերել առնվազն, որտեղ ընդդիմության հապաղումը բերել է կործանման՝ Եռաբլուրի հանրահավաքը, մարտի 1-ի հանրահավաքի նախօրեն, եթե մարդիկ պատրաստ չեն հայրենիքի համար կալանավորվելու, ապա Նիկոլը պատրաստ է հավերժ նստելու ու պահելու իր իշխանությունը ընդդեմ Հայաստանի Հանրապետության»,- ասաց նա:

Նարեկ Սամսոնյանի հավաստմամբ՝ այս ընթացքում ընդդիմության կողմից եղել է ընդամենը 2 գործողություն՝ Նարեկ Մալյանի միջոցառում և Դեմիրճյան փողոցի փակումը:

«Այս ողջ ընթացքում ընդդիմության կողմից եղել է երկու գործողություն: Առաջինը Նարեկ Մալյանի կազմակերպած ֆուտուրիստական միջոցառումն էր, 2-րդը Վազգեն Մանուկյանի ասելով փակվեց Դեմիրճյան փողոցը, սրանից բացի, որևէ գործողություն տեղի չի ունեցել»,- ասաց Նարեկ Սամսոնյանը: