«Ծալեք թևքերն ու արեք ձեր գործը». ԱՄՆ նախկին նախագահները նկարահանվել են սոցիալական գովազդներում` մարդկանց կոչ անելով պատվաստվել COVID-19-ի դեմ (տեսանյութեր)
ԱՄՆ 4 նախկին նախագահները՝ Ջիմի Քարթերը, Բիլ Քլինթոնը, Ջորջ Բուշ կրտսերը, Բարաք Օբաման, ինչպես նաև նրանց կանայք դարձյալ կոչ են արել ամերիկացիներին պատվաստվել կորոնավիրուսի դեմ:
Այս մասին գրում է NBC-ն, նշելով, այս առնչությամբ նախկին պաշտոնյաները նկարահանվել են սոցիալական գովազդներում:
Մոտ 1 րոպե տևողությամբ գովազդային տեսանյութերից մեկում երևում է, թե ինչպես են ԱՄՆ նախկին նախագահներն ու նրանց կանայք պատվաստվում վիրուսի դեմ: 30 վայրկյան տևողությամբ մեկ այլ գովազդում Քլինթոնը, Բուշ կրտսերը և Օբաման կանգնած են Վաշինգտոնի արվարձանում գտնվող Առլինգտոնի ազգային գերեզմանատան մոտ, որտեղ խոսում են պատվաստումների կարևորության մասին:
«Այս համավարակից ազատվելու համար կարևոր է, որ մեր համաքաղաքացիները պատվաստվեն»,-տեսանյութերից մեկում հայտնել է Բուշ կրտսերն ու հավելել՝ «ծալեք ձեր թևքերը և արեք ձեր գործը»:
Նշենք՝ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն ու նրա կինը չեն մասնակցել գովազդային այս արշավին: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թրամփը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ դեռևս հունվարին:
Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով, ԱՄՆ-ն շարունակում է աշխարհում զբաղեցնել առաջատարի դիրքն ինչպես կորոնավիրուսով վարակված անձանց թվով (ավելի քան 29 միլիոն մարդ), այնպես էլ դրանից մահացությունների քանակով (ավելի քան 525 000 մարդ):










