ԱՄՆ-ում վագրակատուն հարձակվել է կենդանաբանական այգու աշխատակցի վրա
ԱՄՆ Օհայո նահանգում գտնվող «Կոլումբուս» կենդանաբանական այգու աշխատակիցը վերականգնվում է վագրակատվի հարձակման հետևանքներից:
Ինչպես տեղեկացնում է CNN-ը, կենդանիների վերահսկման թիմի աշխատակիցները 4-ամյա էգ վագրակատվին սովորականի պես զբոսանքի էին հանել ետնաբակում, որտեղ կենդանին ամենօրյա վարժանքներ է կատարում: Այդ պահին մեկ այլ աշխատակից անցնելիս է եղել բակի կողքով:
Վագրակատվին հսկող աշխատակիցները նշում են, որ կենդանին կապված և «հանգիստ» է եղել, այդ պատճառով իրենք մոտ են կանչել գործընկերոջը: Սակայն երբ վերջինս մոտեցել է իրենց, Իսաբել անունով վագրակատուն հարձակվել է նրա վրա:
Նշվում է, որ իրենց գործընկերն այգում աշխատում է ընձուղտների և այլ սմբակավոր կենդանիների հետ, և գուցե դրանց հոտն է ստիպել գիշատչին հարձակվել տղամարդու վրա:










