13-ամյա մուսուլման աղջիկը, որի հայտարարության պատճառով իսլամիստը գլխատել էր ֆրանսիացի ուսուցչին, խոստովանել է, որ ստել է. Le Parisien
Ֆրանսիայում բնակվող 13-ամյա մուսուլման աղջիկը, որը 2020-ի հոկտեմբերին հորն ասել էր, թե իբր իր ուսուցիչ Սամուել Պատին դասարանում ցույց է տվել Մուհամեդ մարգարեի ծաղրանկարը, խոստովանել է, որ ստել է, գրում է Le Parisien-ը:
Աղջիկը, մասնավորապես, նշել է, որ ինքը նույնիսկ ներկա չի եղել այն դասին, որի վերաբերյալ բողոքել է հորը:
Հիշեցնենք՝ պատմության և աշխարհագրության 47-ամյա ուսուցիչ Սամուել Պատին գլխատվել էր Փարիզի մերձակայքում ՝ Քոնֆլանս Սենտ Օնորե քաղաքում`2020 թվականի հոկտեմբերի 16-ին: Նրա դիակը հայտնաբերվել է դպրոցի տարածքում, որտեղ նա դասավանդում էր:
Ոստիկանությունը գնդակահարել է ենթադրյալ հանցագործին՝ 18-ամյա չեչեն Աբդուլլահ Անզորովին, որը երեխա ժամանակ Ռուսաստանից տեղափոխվել էր Ֆրանսիա: Հետաքննությունն այն կարծիքին է, որ Անզորովը սպանել է Պատիին՝ սոցիալական ցանցերից տեղեկանալով այն մասին, որ նա երեխաներին ցույց է տվել Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները:
Սպանությունը որակվել է որպես ահաբեկչություն: Ֆրանսիայում հազարավոր միջոցառումներ են անցկացվել ի հիշատակ Պատիի: Ուսուցիչները հետմահու պարգևատրվել են նրան Պատվո լեգեոնի շքանշանով, որը տրվում է Ֆրանսիայի համար տարբեր ոլորտներում մեծ ավանդ ունեցող անձանց և համարվում է բարձրագույն կոչումներից մեկը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Պատիի սպանությունից կարճ ժամանակ առաջ նրա աշակերտներից մեկը բողոքել էր հորը՝ իր ուսուցչի կողմից խտրականության համար: Աղջկա խոսքով՝ 2020 թվականի հոկտեմբերի 6-ին կայացած դասին, որը նվիրված էր իսլամիստների կողմից ֆրանսիական Charlie Hebdo երգիծական ամսագրի խմբագրակազմի վրա հարձակմանը, Պատին որոշել էր երեխաներին ցույց տալ ամսագրի ծաղրանկարը, որում պատկերված էր մերկ Մուհամմեդ մարգարեն: Դրանից առաջ նա խնդրել էր մուսուլման ուսանողներին լքել դասասենյակը, որի հետո աղջիկը ենթադրաբար սկսել է վիճել ուսուցչի հետ, որի պատճառով էլ նրան երկու օրով արգելվել էր ներկա գտնվել դասերին:
Աղջկա հայրը, 48-ամյա Բրահիմ Շնինան, որը ծննունդով Մարոկկոյից է, ուսուցչի մասին բողոքել է դպրոցի ղեկավարությանը և ոստիկանությանը՝ մեղադրելով Պատիին իսլամատյացության համար: Միևնույն ժամանակ, Շնինան մի քանի տեսանյութ է հրապարակել իր ֆեյսբուքյան օգտահաշվում կատարվածի վերաբերյալ: Դրանց մեջ նա Պատիին անվանել էր «ավազակ», հրապարակել էր ուսուցչի անունը, դպրոցի գտնվելու վայրը և հորդորել նրան ազատել աշխատանքից:
Սոցիալական ցանցերում այս արշավին միացել էր նաև իսլամիստ ակտիվիստ Աբդելհակիմ Սեֆրիուին, որը երկար ժամանակ ֆրանսիական հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում էր որպես արմատական շարժման համակիր: Ի վերջո, ուսուցչի մասին գրառումները նկատել էր Աբդուլլահ Անզորովը: Իրավապահ մարմինները հայտնել են, որ սպանությունից առաջ նա մի քանի անգամ կապվել է Շնինայի հետ, բայց աղջկա հայրը պնդել է, որ ինքն այդ մասին չի հիշում, քանի որ նրա հրապարակումներից հետո շատերն են իր հետ կապ հաստատել:
Հետաքննությունն անմիջապես պարզել է, որ իրականում աղջկա պատմությունը չի համապատասխանում իրականությանը: Մասնավորապես, նրա մի քանի դասընկերներ ասել էին, որ այդ օրը Պատին իրականում ցույց է տվել Մուհամեդ մարգարեի ծաղրանկարը, բայց չի ստիպել մուսուլման ուսանողներին դուրս գալ դասարանից, այլ միայն խնդրել է նրանց փակել աչքերը: Բացի այդ, աղջիկն այդ օրը դասին ընդհանրապես ներկա չի եղել:
Սկզբում վերջինս շարունակել է պնդել իր ցուցմունքը՝ դասընկերներին մեղադրելով ստելու համար, բայց ավելի ուշ նա խոստովանել է, որ ինքը ստել է: Աղջիկն իսկապես դասին ներկա չի եղել, քանի որ նախորդ օրը նրան հեռացրել էին դասերից բացակայության պատճառով, իսկ ծաղրանկարի մասին իմացել է դասընկերներից: Ըստ Le Parisien-ի՝ այս մասին նա խոստովանել է 2020-ի նոյեմբերի վերջին:
Աղջկա խոսքով՝ ինքը Պատիի հետ վեճը հորինել է, քանի որ չի համարձակվել պատմել ծնողներին դասերին չհաճախելու իրական պատճառը: Հետաքննության ընթացքում հոգեբանները պարզել են, որ աղջկա մոտ ժամանակի հետ զարգացել է անլիարժեքության բարդույթ, քանի որ նա ավելի վատ է սովորել, քան իր երկվորյակ քույրը: Բացի այդ, ըստ աղջկա, առաջին օրերին դասընկերները համոզել են իրեն չհրաժարվել խոսքերից:
Աղջկան մեղադրանք է առաջադրվել սուտ մատնության համար: Նրա փաստաբանը՝ Մբեկո Տաբուլան, Le Parisien-ին ասել է, որ երեխան չպետք է պատասխանատվություն կրի սպանության համար:
Պատի ընտանիքի փաստաբան Վիրջինի Լե Ռոյն էլ, իր հերթին, ասել է, որ աղջկա սուտը հենց սկզբից ակնհայտ է եղել:
Բրահիմ Շնինան, որը մեղադրվում է ահաբեկչական սպանությանը մեղսակցության համար, իրեն «հիմար» է անվանել: Նրա խոսքով՝ ինքը «ցանկացել է լավ հայր դառնալ» և չի ցանկացել որևէ կերպ վնասել Պատիին: Ֆրանսիայի հակաահաբեկչական դատախազության ղեկավար Ժան Ֆրանսուա Ռիկարը, սակայն, պնդել է, որ ուսուցչի սպանությունը անմիջական կապ ունի Շնինայի սկսած ֆեյսբուքյան արշավի հետ:
Նշենք՝ աղջկա և նրա հորից բացի, Պատիի սպանության գործով կա ևս 12 մեղադրյալ: Նրանց թվում են Աբդելհաքիմ Սեֆրիուին, որն օգնել է Facebook-ում տեղեկատվություն տարածել ուսուցչի մասին, Աբդուլլահ Անզորովի ընկերները, որոնք նրան տեղափոխել են դպրոց և օգնել են սպանության կազմակերպման հարցում, ինչպես նաև երկու դպրոցականները, որոնք ցույց են տվել Անզորովին, թե ով է Պատին և դրա դիմաց ստացել են 300 եվրո: Քննության համաձայն՝ Անզորովը նրանցից չի թաքցրել, որ մտադիր է վնաս հասցնել ուսուցչին:
Նշենք, որ բացի Պատիի սպանությունից, 2020-ի սեպտեմբեր-հոկտեմբերին Ֆրանսիայում տեղի է ունեցել երկու ահաբեկչություն՝ առաջինը սեպտեմբերի 25-ին, երբ Պակիտանից արտագաղթած անձը վիրավորել էր երկու հետնիոտնի Փարիզի նախկին Charlie Hebdo խմբագրության գրասենյակի մոտ, և հոկտեմբերի 29-ին, երբ թունիսցի փախստականները հարձակվել էին Նիցցայի եկեղեցու վրա ՝ սպանելով երեք մարդու: Նույն օրը Սաուդյան Արաբիայում հարձակման էր ենթարկվել Ժիդդայում Ֆրանսիայի դեսպանատան թիկնապահը:
Այս առնչությամբ մուսուլմանական երկրներում սկսվել էր արշավ ընդդեմ Ֆրանսիայի իշխանությունների և անձամբ նախագահ Էմանուել Մակրոնի, որին Մուհամեդի հետևորդները մեղադրում են մուսուլմանների կրոնական զգացմունքները վիրավորելու համար:










