Մարալի նկարը՝ գերեվարվելուց առաջ և հետո մեր երկրի հավաքական կերպարն է. Գոհար Մելոյան (տեսանյութ)
Ամեն ինչ արվում է, որպեսզի մենք ունենանք բարոյալքված հասարակություն և այժմ մենք կանգնած ենք պետականության կորստի առաջ: Այս մասին ասուլիսի ընթացքում ասաց սահմանադրագետ Գոհար Մելոյանը:
«Մարալի նկարը՝ գերեվարվելուց առաջ և հետո մեր երկրի հավաքական կերպարը կարող է լինել, որ ներկայացնում էր՝ ինչպիսին էինք ու ինչ ենք դառել: Մենք արձանագրում ենք, որ ամեն ինչ արվել է, որ ունենանք բարոյալքված հասարակություն, և կանգնած ենք լրջագույն խնդիրների առջև՝ ընդհուպ մեր պետականության կորուստը, և իսկապես սարսափազդու էր այն, ինչ տեղի էր ունեցել այդ կնոջ հետ»,- ասաց Գոհար Մելոյանը:
Սահմանադրագետը նաև ընդգծեց՝ հայոց պատմության մեջ նորություն էր ունենալ հայ կին գերի:
« Հայ կին գերի ունենալը նախադեպային իրավիճակ էր, երևի թե սա մեր պատմության ընթացքում նորություն էր․ և բնականաբար պետք է չհանձնվել և զենքերը վայր չդնել և սա պետք է օրահարց մնա»,- ասաց նա:
Անդրադառնալով գերիների հարցին նշեց՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 3 անգամ տապալել է սահմանադրական կարգը և առնվազն 3 անգամ հնարավորություն է ունեցել գերիներին վերադարձնել, բայց դա չի արել:
«Նիկոլ Փաշինյանը 3 անգամ տապալել է մեր երկրի սահմանադրական կարգը, 3 միջազգային պայմանագրեր կնքելով առանց վավերացման գործընթացի, այդ 3 անգամներից յուրաքանչյուրը գերիների վերադարձման երաշխիք էր, որը նա չիրականացրեց»,- ասաց Մելոյանը:
Նա նաև նշեց՝ գործող իշխանությունը գերիները հարցը մտցնում է օրակարգ, երբ իրենց աթոռին կպնում են, առաջանում են խնդիրներ: Այս իշխանությունը ինքն է ընդունում՝ իրենց համար օրակարգային հարց է միայն ընդդիմությունը:
«Այս իշխանության օրակարգում են հայտնվում գերիների և անհայտ կորածների հարցը, երբ նրանց աթոռին մի փոքր սպառնալիք է լինում: Անգամ իրենք են ասում՝ իրենց օրախնդիրը միակն է և դա ընդդիմությունն է, իրենք գերիների հարցը չեն լուծում, որպեսզի արդարացնեն իրենց կողմից ի օգուտ թշնամու գործողությունները և շարունակում են տարածքներ տալ»,- ասաց նա:
Գոհար Մելոյանը նաև մեկնաբանեց ՌԴ արտաքին գործերի նախագահ Սերգեյ Լավրովի հայտարարությունը հայ գերիների մասին:
« Պատկերացնում եք, թե ինչպիսի խայտառակ իրավիճակում ենք, երբ Լավրովը հունվարի վերջին ասուլիսի ժամանակ ասում է՝ հայկական կողմի գերիների և անհայտ կորածների հետաձգումը պայմանավորված է նրանց փնթի աշխատանքով»,-մեկնաբանեց Մելոյանը:
Նա նաև անդրադարձ կատարեց երկրում տիրող իրավիճակին նշելով՝ քարոզվող խաղաղասիրությունը Ադրբեջանի նկատմամբ ուղղակիորեն ավերիչ հետանքներ ունի:
«Նրանք 3 տարի փորձում էին քարոզ անել, իսկ փորձագետները պնդում էին՝ չի կարելի խաղաղասիրություն քարոզել առ այն ազգ, որն ուղղակի երազում է, որ քո ազգը ֆիզիկապես գոյություն չունենա:Ադրբեջանում մանկապարտեզից սկսած հակահայկական քարոզչություն է տարածվում և հայաֆոբիա, ատելություն է սերմանվում անգամ մանկահասակ երեխաների մեջ, չի կարելի քո հասարակությանն հոգեբանությունը այդպես խեղել և խաղաղասիրություն քարոզել դեպի այդ ազգը»,- ասաց սահմանադրագետը:










