Ինչ կոմպրոմիսի պետք է գնալ մարդու հետ, ով խայտառակ պարտության է տարել երկիրը, տապալել ամեն ինչ․ Վազգեն Մանուկյանը՝ նախագահի՝ Փաշինյանի հետ հանդիպման առաջարկի մասին (տեսանյութ)

15:35 • 12.03.21

Հայաստանը վերածվում է ոստիկանական պետության, քրեական գործերը անցնում են վարչապետի գրասենյակի ինչ-որ մի աղջկա միջոցով, այդ պարագայում ո՞նց կարելի է գնալ ընտրությունների և երաշխիք ունենալ, որ ընտրությունների արդյունքը կհամապատասխանի ժողովրդի կարծիքին, դա բացառվում է. այսօր Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

Հարցին թե արդյո՞ք Բաղրամյան պողոտան ազատելու կամ խաղաղ անհնազանդության այլ գործողությունների ժամանակ, սրացումներ չեն լինի, Վազգեն Մանուկյանը պատասխանեց. «Սրացումներ են լինելու՝ ավելի լավ, թող սրացումներ լինեն, միայն հարցը լուծվի: Ինձ սարսափեցնում է այն սրացումը, որը տեղի է ունենում Սյունիքի շուրջը: Ալիևը հասկանում է, որ Նիկոլի օրոք հնարավոր է անել այն, ինչ հնարավոր չի լինի անել Նիկոլից հետո, իսկ ներքին սրացումները գնում է հարենիքը դավաճանողների և թշնամիներին ծառայողների և երկրին նվիրված մարդկանց մեջ»:

«Բանակը հստակ ձևակերպեց, որ մնում է նույն կարծիքին, բանակի հստակ դիրքորոշումն էականորեն ազդում է Ոստիկանության դիրքորոշման վրա, և կարող ենք արձանագրել, որ այն վայրագությունները, որ ոստիկանությունն անում էր ամիսներ առաջ, հիմա չի անում, և Փաշինյանը կորցնելու է նաև Ոստիկանությունը: Հիմա կոչ են անում բանակցությունների․ դա էլ է նշանակում, որ ԱԺ-ի հենարանների մեջ տատանումներ կան, կարծում եմ, որ պլան A-ն ն պետք է շարունակի իր գործունեությունը, լավագույնը կլինի, որ պլան A-ով հարցերը լուծվեն, ինչքան քիչ սրացում լինի, այնքան ավելի լավ որոշում կլինի»,- ասաց նա:

Վազգեն Մանուկյանը նշեց, թե համոզված չէ, որ Նիկոլ Փաշինյանն ուզում է գնալ արտահերթ ընտրությունների: Նրա կարծիքով՝ Փաշինյանն այդ կերպ ժամանակ է ձգում՝ ցույց տալու, որ հարցը շուտով կլուծվի:

Դիտարկմանը, թե իշխանական պատգամավորներն ասում են՝ Վազգեն Մանուկյանը պետք է հասկանա, որ սա 1990 -ական թվականները չէ, պետք է փորձեն մտնել խորհրդարան, Մանուկյանը պատասխանեց.

«Ճուտիկները միայն գիտեն այն, ինչ այսօր է, իսկ ես գիտեմ, թե ինչ է ճիշտ 90-ական թվականներին, ի՞նչ է ճիշտ հիմա և գիտեմ ինչ ուղղությամբ պետք է գնանք, որ ճիշտ լինի: Մարդիկ կան, որ ժամանակի հետ զարգանում և համապատասխանում են ժամանակին, մարդիկ կան,որ չեն համապատասխանում, օրինակ «Իմ քայլը»–ի ճուտիկները գնացել են կուրսերի, սովորել են անգլերեն լեզու, բացատրել են այն գաղափարները, որոնք արդիական էին Սառը պատերազմից հետո, բայց հիմա արդիական չեն, փոխվում է աշխարհը, իրենք մնացել են այնտեղ»:

Դիտարկմանը, թե մտահոգություններ կան, որ ձեր այս դիրքորոշումը կարող է հանգեցնել սրացումների, Մանուկյանն ասաց. «Կան հարցեր, որտեղ մարդիկ կարող են գնալ կոմպրոմիսի, բայց երբ գիտես՝ քո երկրի ղեկավարը բացարձակապես տապալել է երկիրդ, իր հետ ի՞նչ կոմպրոմիսի պիտի գնաս. խոսենք գյուղատնտեսության մասի՞ն, անիմաստ է դա: Այսինքն՝ իր հետ կոմպրոմիս չկա, կամ ինքը գնում է, կամ չի գնում, միակ խոսակցությունը դա է»:

Հարցին, եթե իշխանության կողմից սրացումներ լինեն, այդ դեպքում բախման պատասխանատուն լինելու են երկու կողմերը, այդ թվում՝ դուք, Վազգեն Մանուկյանը պատասխանեց. «Բախման հիմնապատճառը և մյուս կողմը, մի քիչ տարբեր բաներ են, որովհետև աշխարհում չկա մի երկիր, որտեղ երկրի ղեկավարը այդպիսի խայտառակ վիճակի մեջ գցի երկիրը, խոսքը գնում է սոցիալականի, տնտեսականի մասին, ինչը տապալված է: Ինքը չհեռանալով՝ սրում է վիճակը, և եթե իրան թվում է, թե իր սրելու պատճառով մենք չենք ուզենա ադեկվատ սրել, ապա սխալվում է, ինքը ինչքան սրի, մենք նույն մակարդակի վրա կլինենք»: