Աննա Վարդապետյանը մասնակցել է կոնկրետ քրգործերով քաղաքական պատվերի իրականացման գործընթացին. Գոհար Մելոյան

16:16 • 12.03.21

Ես շատ կցանկանայի լսել Նիկոլ Փաշինյան խորհրդական Աննա Վարդապետյանի արդարացումը երեկվա տեսանյութի հետ կապված, որտեղ պարզ երևում է նրա անմիջական մասնակցությունը: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց սահմանադրագետ Գոհար Մելոյանը:

«Ինձ համար շատ ցավալի էր, որ Աննա Վարդապետյանը որևէ պարզաբանում չտվեց այս իրավիճակի վերաբերյալ, որովհետև ես կուզենայի լսել իր արդարացումն այս ամենի շուրջ: Երեկ ապացույց հանդես եկավ, որ նա մասնակցում է կոնկրետ քրեական գործերով քաղաքական պատվերների իրականացման գործընթացին: Նախ սա Քրեական օրենսգրքով նախատեսված քրեական արարք է, և փաստացի նրա դա մասն է հանդիսանում և միջամտում է արդարադատությանը»,- ասաց Գոհար Մելոյանը:

Սահմանադրագետն ընդգծեց, որ այս իրավիճակը զարմանալի չէ, Հայաստանն այս իրավիճակում է արդեն շուրջ 3 տարի, բայց զարմանալի է, որ նման բաներում ներքաշվում են լավ մասնագետները։

«Ինձ համար զարմանալի չէ, որ այսպիսի իրավիճակ է առկա, ինձ համար ցավալի էր, որ այս իրավիճակին մասնակից էր իմ կողմից ճանաչված նորմալ մասնագետը: Արդեն ավելի քան պարզ է, որ 3 տարի շարունակ քրեական գործերում կա քաղաքական պատվեր, մարդիկ հետապնդում են այլ քաղաքական հայացքներ ունեցող մարդկանց և բերման ենթարկում, իսկ սա մարդու հիմնարար իրավունքների ոտնահարում է»,- ասաց սահմանադրագետը:

Գոհար Մելոյանը նաև նշեց՝ 3 տարի շարունակ սահմանադրական կարգը տապալվել է, իսկ դատական ինստիտուտը եղել է շրջափակման մեջ:

«Մենք ապրել ենք այս իրավիճակում շուրջ 3 տարի, երբ սահմանադրական կարգ է պարբերաբար տապալվել, և ականատես ենք եղել դատական իշխանության, դատարանների շրջափակմանը։ Այս տեսանյութը զարմանալի չէր, ինձ համար ցավալի էր կոնկրետ անձի մասնակցությունը այս գործընթացին»,- ասաց նա: