Air Serbia ավիաընկերությունն աշխարհում առաջինը «կորոնավիրուսային անձնագրեր» կպահանջի

11:39 • 12.03.21

Սերբիայի ազգային Air Serbia ավիաընկերությունը, Միջազգային օդային տրանսպորտի ասոցիացիայի (IATA) հետ համատեղ, կսկսի փորձարկել IATA Travel Pass-ը`համավարակի շրջանում ճանապարհորդությունների համար նախատեսված նոր հավելվածը, գրում է Euractiv.com-ը:

Սերբիայի իշխանությունները հայտարարել են, որ պետությունը Եվրոպայում առաջիններից մեկը կմիանա այս համաշխարհային նախաձեռնությանը, որն ուղղված է «կարանտինից զերծ» սահմանների բացմանը, անվտանգ ճանապարհորդության ապահովմանը և զբոսաշրջային ու օդային ճանապարհորդության արդյունաբերության վերականգնմանը:

Նշվում է, որ ծրագրի փորձարկման առաջին փուլը կներառի Air Serbia ընկերության Բելգրադ-Ցյուրիխ չվերթները, որի իրականացման համար կպահանջվի մի քանի շաբաթ:

IATA Travel Pass հավելվածը թույլ կտա ճանապարհորդներին պահել և կառավարել իրենց սմարթֆոններում COVID-19-ի թեստի արդյունքների հետ կապված տվյալները և մինչ օդանավակայան ժամանելն այդ արդյունքներով կիվել ավիաընկերության հետ:

IATA Travel Pass կառաջարկի նաև թարմացված տեղեկատվություն COVID-19-ի առնչությամբ հակահամավարակային կանոնների վերաբերյալ, որպեսզի ճանապարհորդները կարողանան ստուգել, թե արդյոք նրանք համապատասխանում են մուտքի վերջին պահանջներին, որոնք սահմանվել են այն երկրի կողմից, որտեղ մեկնում են:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվրահանձնաժողովը պատրաստվում է ներկայացնել «պատվաստումների անձնագրի նախագիծ»: Այս անձնագրերի հնարավոր գործնական կիրառման մասին որոշումը, այդ թվում՝ միջազգային մակարդակով, կկայացվի ավելի ուշ: