Իտալիայում Սուրբ Զատկին ընդառաջ կրկին կորոնավիրուսային սահմանափակումներ կմտցվեն․ երկիրը բաժանվել է «կարանտինային գոտիների»

10:32 • 13.03.21

Երկուշաբթի օրվանից Իտալիայի շրջանների կեսն անցնում է «կարմիր» կարանտինային գոտու։ Իշխանություններն արգելափակումներ են սահմանում Սուրբ Զատկի տոնին ընդառաջ:

Այս մասին հայտնում է korrespondent.net-ը՝ հղում տալով իտալական Corriere della Sera-ում Առողջապահության նախարարության հրապարակված հայտարարությանը:

Այսպիսով, կորոնավիրուսային վարակի դեպքերի աճի հետ կապված, Իտալիայի Առողջապահության նախարարությունը հրապարակել է երկիրն ըստ գոտիների բաժանելու նոր քարտեզ: Ըստ այդ քարտեզի, «կարմիր գոտում» կլինեն Լոմբարդիա, Բոլցանո, Տրենտո, Բազիլիկատա, Կամպանիա, Էմիլիա Ռոմանիա, Ֆրիուլի Վենետիկ Ջուլիա, Լացիո, Պիեմոնտ, Վենետո և Մարկե նահանգները:

Մյուս բոլոր շրջաններն ընդգրկված են «նարնջագույն» գոտում՝ բացառությամբ Սարդինիա կղզու, որը գտնվում է «սպիտակ» գոտում:

Վարչապետ Մարիո Դրագիի հրամանով «կարմիր գոտու» նահանգներում մանրածախ վաճառքի բոլոր կետերը (բացառությամբ դեղատների և մթերային խանութների) ու ուսումնական հաստատությունները պետք է փակվեն։

Բացի «կարանտինային գոտիների» բաժանումից, իշխանություններն ապրիլի 3-5–ը սահմանափակումներ են նախատեսում։

Վերջին 24 ժամվա ընթացքում Իտալիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 26 824, մահվան 380 դեպք։ Ըստ իտալական թերթի` նման արդյունքներ գրանցվել էին նոյեմբերին՝ կորոնավիրուսային վարակի տարածման երկրորդ ալիքի ժամանակ։ Երկրում մինչ այժմ կորոնավիրուսային վարակի հետևանքով մահացել է 100 103 մարդ։