Արցախի ռազմաքաղաքական իշխանությունների միջև տարաձայնություններ չկան․ Արցախի ՊՆ
Հայկական էլեկտրոնային լրատվամիջոցներում տարածվող տեղեկատվությունը, թե իբր «Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, ռուս խաղաղապահների հրամանատար գեներալ Մուրադովը և ՀՀ ԱԱԾ բարձրաստիճան մի ներկայացուցիչ գնացել են ՊԲ հրամանատար Միքայել Արզումանյանի հետ հանդիպման և պահանջում են Կարմիր Շուկայի ճանապարհից հանել հայկական զինված ուժերի զինծառայողներին, որպեսզի ճանապարհը հանձնվի ադրբեջանցի զինվորականներին», իրականությանը չի համապատասխանում, այս մասին տեղեկացնում է Արցախի պաշտպանության նախարարությունը:
«Հորդորում ենք զերծ մնալ Արցախի ռազմաքաղաքական իշխանությունների միջև գոյություն չունեցող տարաձայնությունների մասին կեղծ լուրեր հրապարակելուց»,– ասվում է Արցախի ՊՆ հայտարարությունում:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել այն մասին, Արցախի պատերազմից հետո երկար ժամանակ Ադրբեջանի զինվորականները Կարմիր Շուկա կոչվող համայնքով անցնող ճանապարհով ազատորեն գնացել են Շուշի քաղաք: Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար Միքայել Արզումանյանը, տեղի հայ քաղաքացիների անվտանգության նկատառումներից ելնելով, այդ ճանապարհին անցակետեր է դրել և հայ զինվորականները ստուգում են ճանապարհով անցնող բոլոր ադրբեջանցիներին: Ըստ տարածվող տեղեկությունների՝ Արզումանյանի այս քայլը խիստ դուր չի եկել Ադրբեջանի իշխանություններին և Իլհամ Ալիևի բանագնացը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման ընթացքում պահանջել է պաշտոնանկ անել Միքայել Արզումանյանին, և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ռուս խաղաղապահների հրամանատար գեներալ Մուրադովը և ՀՀ ԱԱԾ բարձրաստիճան մի ներկայացուցիչ գնացել են ՊԲ հրամանատար Միքայել Արզումանյանի հետ հանդիպման և պահանջում են Կարմիր Շուկայի ճանապարհից հանել հայկական զինված ուժերի զինծառայողներին, որպեսզի ճանապարհը հանձնվի ադրբեջանցի զինվորականներին:
Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը նույնպես անդրադարձել էր թեմային՝ ասելով, որ Արցախի Մարտունու շրջանի Կարմիր Շուկա բնակավայրով անցնող ճանապարհից հայկական զինված ուժերն իբր հանելու և այդ ճանապարհահատվածն ադրբեջանցիներին հանձնելու վերաբերյալ շրջանառվող լուրերը ապատեղեկատվություն են:
«Թեման հերթական անգամ է շրջանառության դրվում ու հերթական անգամ ստիպված եմ ասել, որ ապատեղեկատվություն է, որի տարածողները շատ լավ գիտեն, որ այսօր էլ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ադրբեջանցիները ժամանակավորապես օգտվում են այդ ճանապարհից: Սակայն դա որևէ կերպ չի կարող նշանակել «համատեղ օգտագործում», քանի որ այդ ճանապարհն ամբողջությամբ պատկանում է Արցախի Հանրապետությանը, և դրա կարգավիճակի փոփոխության հարց պարզապես չի կարող քննարկվել»,- ասել էր Ավանեսյանը:










