Վրաստանում վկայագրեր կտրամադրեն կորոնավիրուսի դեմ պատվաստված անձանց

21:04 • 13.03.21

Վրաստանում կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստված բոլոր քաղաքացիներին կտրվի պատվաստման վկայագիր: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն, գրում է Грузия Онлайн պորտալը:

«Բոլոր պատվաստված անձանց կտրամադրվի հաստատում, որ նրանք կոնկրետ օրը պատվաստվել են այս կամ այն պատվաստանյութով: Սա երկլեզու վկայագիր է, համապատասխան բժշկական հաստատությունը կստորագրի և կկնքի այն»,-ասել է Գամկրելիձեն:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Վրաստանը COVAX հարթակի միջոցով ստացել է AstraZeneca ընկերության մշակած և Հարավային Կորեայում արտադրված հակակորոնավիրուսային պատվաստանյութի 43 200 դեղաչափի առաջին խմբաքանակը: