«Մեր երկրում բուրկա կրելը կարգելվի և կփակվեն շատ մուսուլմանական դպրոցներ». Շրի Լանկայի հանրային անվտանգություն նախարար
Շրի Լանկայում կարգելվի բուրկա (հանդերձանք, որը կրում են որոշ մուսուլման կանայք՝ ողջ մարմինը և դեմքն ամբողջությամբ ծածկելու համար,-Tert.am) կրել և կփակվեն շուրջ 1000 մուսուլմանական դպրոցներ:
Այս մասին այսօր հայտարարել է երկրի հանրային անվտանգություն նախարար Սարաթ Ուիիրասեկերան, գրում է Reuters-ը:
Նշվում է՝ երկրում գործող փոքրամասնություն համարվող մուսուլման բնակչության նկատմամբ այս սահմանափակումները մտցվում են՝ հաշվի առնելով հանրային անվտանգության ոլորտում առկա մտահոգությունները:
«Մուսուլման կանայք սկզբից ևեթ չեն կրել բուրկա: Դա կրոնական ծայրահեղության նշան է, որը միայն վերջերս է շրջանառվում: Մենք անպայմանորեն կարգելենք այս հարդերձանքի կրումը»,- վստահեցրել է նախարարը:
Հիշեցնենք՝ 2019-ին մուսուլման գրոհայինների կողմից եկեղեցիների և հյուրանոցների ռմբակոծությունից հետո, որն ավելի քան 250 մարդու մահվան պատճառ էր դարձել, բուրկա կրելն այս մեծ մասամբ բուդդակայանությանը հարող այս երկրում ժամանակավորապես արգելվել էր:
Ինչ վերաբերում է մուսուլմանական դպրոցներին, ապա նախարարի խոսքով՝ այս դեպքում ամեն բան այլ է:
«Ամեն մարդ չէ, որ կարող է դպրոց բացել և երեխաների կրթել»,- նշել է նա ու հավելել, որ այդ ուսումնական հաստատությունները «խարխլում են ազգային կրթական քաղաքականությունը»:
Հստակեցվում է՝ խոսքը շուրջ 1000 մեդրեսեական մուսուլմանական դպրոցների մասին է: Դրանք ուսումնական հաստատություններ են, որոնք կատարում են միջնակարգ դպրոցի և մուսուլմանական հոգևոր ճեմարանի դեր:










