ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրը զորավարժություններ է սկսել Միջերկրական ծովի արևելքում

22:43 • 13.03.21

Ամերիկյան ավիակիր հարվածային խումբը՝ ատոմային ավիակիր Dwight Eisenhower-ի գլխավորությամբ, մտել է Միջերկրական ծովի արևելյան տարածք: Այս մասին տեղեկացվում է ԱՄՆ 6-րդ նավատորմի կայքում:

Ծովային զորավարժություններն անցկացվում են Հունաստանի և Իտալիայի ռազմածովային ուժերի նավերի հետ համատեղ: Ավիակիր խմբի որոշ նավեր մտել են Հունաստանի Կրետե կղզու Սուդա-Բեյ բազա:

Զորավարժությունների ծրագիրը ներառում է ատոմային ավիակրի ուղեկցում և աջակցություն, ՆԱՏՕ-ի մակարդակով օպերատիվ և մարտավարական ընթացակարգերի ուսուցում: Զորավարժությունները, ըստ կազմակերպիչների, կբարձրացնեն մի շարք երկրների ռազմածովային ուժերի փոխգործունակությունը միջդաշնակցային մակարդակում:

«Միացյալ Նահանգների և Հունաստանի միջև պաշտպանական հարաբերությունները ռեկորդային բարձր մակարդակում են և օրեցօր ամրապնդվում են»,- մեկնաբանել է զորավարժությունների մեկնարկը Հունաստանում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Պայետը:

ԱՄՆ 6-րդ նավատորմը, որի շտաբ-բնակարանը գտնվում է Իտալիայի Նեապոլ քաղաքում, իրականացնում է համատեղ և ծովային գործողությունների ամբողջ շարք: